Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Այսօր կեսօրին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը հրապարակել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների միջնորդության վերաբերյալ իր որոշումը:
Նիստը տեղի էր ունեցել անցած ուրբաթ օրը՝ ապրիլի 19-ին, սակայն վճիռը հրապարակվեց այսօր: Դատավոր Մարինե Մելքոնյանը մերժեց Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը: Մանվել Գրիգորյանի պաշտպանն Արսեն Մկրտչյանը նիստից հետո ասել է, որ դատարանի որոշումն անակնկալ չէր եւ նախորդ նիստին կանխատեսել էր, որ դատավորը կրկին մերժելու է: «Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդումը սկսելուց առ այսօր, սա Մարինե Մելքոնյանի կամ Արսեն Նիկողոսյանի կողմից միակ պատճառաբանված, օրենքի հետ աղերս ունեցող դատական միջանկյալ ակտն է»:
