ՄԱՔՈՒՐ ԲՈՂԲՈՋՆԵՐ
Ես իմ հավատի ծառը կջրեմ վաղորդյան ցողով
Ու լուռ կսպասեմ իմ բաժին սիրո մաքուր բողբոջին,
Հոգուս երաշտից կազատվեմ Տիրոջ անգին աղոթքով
Եվ ծնկի կիջնեմ երկնքի հզոր տաճարի շեմին:
Ես իմ նվիրման ծառը կջրեմ հույսի արցունքով
Եվ նրա ծաղկած ճյուղերից կառնեմ բուրմունքը լույսի,
Սրտիս անձավը կլուսավորեմ վառվող մոմերով
Ու գաղտնիքներս պահ կտամ կամքին մրոտ խորանի:
Ես իմ ծննդյան ծառը կջրեմ լույսի մյուռոնով
Եվ նրա հասուն մրգերից կզգամ համը դրախտի,
Կյանքիս իմաստը կլցվի Տիրոջ սուրբ հրաշքներով
Ու ես կլսեմ կանչերը ճերմակ հրեշտակների...
Արմեն Ստեփանյան