«Մարդ չկա, որ առևտուր լինի. էս երկրում ոչ մի բան էլ չի փոխվի, իշխանափոխությունն էլ բացառված է» (Video)
1in.am-ը գրում է.Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի երևանյան շուկաներում մարդկանց հոսքի և առևտրի անկում է նկատվում: Այս մասին արձանագրում են շուկայի վաճառողները և բողոքում, որ օրերով ցուրտ եղանակին դրսում կանգնած՝ չեն կարողանում մի քանի կիլոգրամ միրգ ու բանջարեղեն վաճառել, որպեսզի հացի փող տանեն տուն:
Վաճառողները բոլորն էլ միաբերան մարդկանց հոսքի նվազումը պայմանավորում են արտագաղթի ծավալների ավելացմամբ: «Առևտուրն այս տարի շատ վատ է, ժողովուրդ չկա: Աշխատանքի պատճառով սաղ գնացին արտասահման, Ռուսաստան, ապրանքն առնող չկա: Էժան էլ ենք ասում, էլի առնող չկա: Ով էլ մի քիչ գնողունակ է, թողնում գնում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գումի շուկայի վաճառող մի կին:
Վերջինս երանի է տալիս սովետական կարգերին, երբ մարդն աշխատատեղ ուներ, ուրախ էր զգում իրեն, իր ուզածով էր ապրում, իսկ այսօր չկա այդ ուրախությունը, մարդիկ հուսահատված թողնում գնում են:
«Ղեկավարությունը պետք ա մտածի: Էդ ոնց է լինում, որ իրենք կարողանում են լավ, իրենց ազգը, գերդաստանը պահել, ուրախ, հաճույքով կյանք անցկացնել, իսկ մարդկանց մասին չեն մտածում: Եթե ընտանիքի հայրը լավ մարդ է լինում, ընտանիքն էլ է լավ դասավորվում, լավ ապրում: Նույնն էլ երկրի ղեկավարությունն է: Իրենք պետք է այդ ամենը հասկանան»,- նկատեց առևտրական տարեց կինը:
Մեկ այլ վաճառողի խոսքով էլ՝ այս տարի առևտրի վիճակը լուրջ է, քանի որ ժողովրդի ձեռքում գումար չկա գնումների համար, չնայած որ ամեն ինչի կարիք էլ ունեն: «Կառավարությունը, իշխանություններն են մեղավոր, բարձիթողի վիճակ է, աշխատատեղեր չկան: Իրենց դա բոլորովին չի հուզում, դրա համար էլ ժողովուրդը ոնց կարողանում է՝ իր գլուխը պահում է»,- ասաց նա:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
