Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին...
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց, արագացված կարգով ընթացավ և դատավճռի հրապարակումով ավարտվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում երեք դատապարտյալների ու երեք մարմնավաճառուհիների տեսակցությունը թույլատրած ու կազմակերպած պաշտոնատար անձանց՝ Կարապետ Մկրտչյանի և Խաչիկ Խաչատրյանի գործի դատական քննությունը:
37-ամյա Կարապետ Մկրտչյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալն է եղել, իսկ 58-ամյա Խաչիկ Խաչատրյանը՝ նույն ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը:
Երկուսն էլ արդարադատության փոխգնդապետներ էին:
Կարապետ Մկրտչյանը արդարադատության ծառայող է եղել 15 տարի, իսկ Խաչիկ Խաչատրյանը արդարադատության համակարգ է փոխադրվել ոստիկանության համակարգից:
Կարապետ Մկրտչյանն ու Խաչիկ Խաչատրյանը մեղադրվում էին նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը բաղկացած է 3 հատորից:
Գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է 2017 թվականի հունվարի 30-ին: Մեղադրական եզրակացությունը հաստատելու պահին դատախազ Ռ. Երիցյանը առարկել է գործն արագացված ընթացակարգով քննելու դեմ, քանի որ ամբաստանյալներից՝ Կարապետ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Կարապետ Մկրտչյանը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերի 29-ին: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել դեկտեմբերի 2-ին:
Սխալ տեղեկատվություն էր տարածվել, թե գործով երկրորդ ամբաստանյալը՝ Խաչիկ Խաչատրյանը, նույնպես գտնվել է կալանքի տակ ու ստորագրությամբ ազատ է արձակվել գործը դատարան մուտք լինելուց հետո: Դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Խաչատրյանը հայտնեց, որ ինքը նախաքննության սկզբից էլ կալանքի տակ չի եղել, նրա նկատմամբ կալանքը երբեք ընտրված չի եղել որպես խափանման միջոց:
Դա իր պատճառն ուներ. Խաչիկ Խաչատրյանը ամենասկզբից իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, մասնակցել է առերես հարցաքննությունների ու պնդել է իր ցուցմունքները, այլ կերպ ասած՝ հենց նա է աջակցել հանցագործության բացահայտմանը, ինչը օրենքով դիտարկվում է որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Կարապետ Մկրտչյանը, լինելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ, պետի բանավոր հրամանով իրականացնելով կալանավորված անձանց և դատապարտյալների տեսակցությունների թույլատրման գործառույթները, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչով էական վնաս է պատճառել պետության ու արդարադատության օրինական շահերին:
Խաչիկ Խաչատրյանը, լինելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ խմբի՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ի պատասխանատու հերթապահը, լինելով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչով էական վնաս է պատճառել պետության ու արդարադատության օրինական շահերին:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարապետ Մկրտչյանը ընդառաջել է դատապարտյալ, Լեդի Հակոբի եղբորորդի, Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար 15 տարի ազատազրկման դատապարտված, տվյալ ժամանակահատվածում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Ստեփան Հակոբյանի առաջարկին՝ նրա ու ևս երկու դատապարտյալների՝ Ռոբերտ Օսիպյանի ու ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ով տառապող, այդ հիվանդության 4-րդ՝ ծանր փուլում գտնվող դատապարտյալ Ա. Օ.-ի համար թույլատրել տեսակցություն-«մտերմիկ հանդիպում»՝ երեք մարմնավաճառուհիների՝ Լուիզայի, Ալլայի ու Դիանայի հետ:
Այդ օրը տեսակցության իրավունք է ունեցել բոլորովին ուրիշ դատապարտյալ՝ Վիկտոր Դ.-ն: Հենց նրա անունով էլ ձևակերպվել է Ստեփան Հակոբյանի, նրա ընկերների և երեք մարմնավաճառուհիների տեսակցությունը:
Ընդ որում՝ ձևակերպվել է որպես կարճատև տեսակցություն, բայց տրամադրվել է երկարատև տեսակցությունների սենյակը:
ՄԱՆՐԱՄԱՍՆ՝ http://www.1in.am/2095131.html
