Մարմնավաճառները Հայաստանում օգտվում են արտոնյալ պայմաններից
Հայաստանում և մասնավորապես Երևանում գործող հյուրանոցները, հանգստյան տները հիմնականում ծառայում են որպես մարմնավաճառների համար հավաքատեղի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ այդ կառույցների` բնակելի շենքերի մոտ գտնվելը, խնդիրներ է առաջացնում այդ տարածքներում ապրող մարդկանց համար:
«Բնակիչների խոսքով` ամեն օր գիշերը ժամը 10-ից հետո սկսվում է իրարանցում, տարբեր կատեգորիաների մարդիկ են գալիս: Աղմուկը, հայհոյանքները կանխելու նպատակով բնակիչները միջամտում են, ինչի հետևանքով բնակիչները խնդիրներ են ունենում»,- ասաց փաստաբանը՝ օրինակ բերելով իր պաշտպանյալ Վազգեն Կարապետյանի գործը:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի նախագահ Աշոտ Աթոյանն էլ ասաց, որ մարմնավաճառները հովանավորվում են իրավապահների կողմից: «Մարմնավաճառները Հայաստանում կարծես թե օգտվում են արտոնյալ պայմաններից: Նրանց հովանավորողները, նրանց ծառայություններից օգտվողները դարձել են չարիք հասարակության համար»,- ասաց Աթոյանը: