Մարտի 1-ի գործով ձերբակալված ոստիկանության շտաբի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեղեկությունը հաստատել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանից։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: