«Մաուզերիստների» իշխանության ավարտը
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, սյսօր մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով։ Իհարկե, դատավարությունը չտվեց այն հարցի պատասխանը, թե Բաբայանն ու մյուսներն ինչքանով էին մեղավոր կամ անմեղ, ու հայաստանյան արդարադատությունից որեւէ մեկն այդ հարցի պատասխանը չի էլ ակնկալում:
Միայն այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պիկին, երբ նրա փաստացի առաջնորդությամբ գործող ՕՐՕ դաշինքն, ըստ էության, պատրաստվում էր «տրաքացնել» ընտրական գործընթացը, արդեն քաղաքական որոշակի ենթատեքստ է հաղորդում գործին, ավարտված դատավարությանը: Բայց տեղի ունեցածը քաղաքական եւ հանրային ընդվզման տեղիք չտվեց` որոշակիորեն լեգիտիմացնելով իշխանության քայլերը, մանավանդ, որ ՕՐՕ դաշինքը ընտրական կամպանիայի ակնհայտ հետնապահներից մեկն էր: Սա ինքնին խոսուն հանգամանք է եւ հուշում է, որ մեր հասարակությունն ավելի պրագմատիկ է դարձել եւ, ըստ էության, մերժում է պսեւդոհեղափոխականությունն ու «մաուզերիստական» մտածողությունը:
Ինքը` Սամվել Բաբայանը, ամբողջ դատավարության ընթացքում հրաժարվեց այն քաղաքականացնել` չնայած տողատակերով անընդհատ ուղերձներ էր հասցեագրում Սերժ Սարգսյանին, ու շատերին թվում էր` ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի ու իշխանությունների միջեւ ձեւավորվել է կոմպրոմիս, սակայն այսօրվա դատավճիռը եկավ հաստատելու հակառակը:
Խնդիրը միայն այն չէ, որ Սերժ Սարգսյանն ամեն գնով Բաբայանին մեկուսացնելու խնդիր ուներ: Տեղի ունեցածը միայն այդ մոտիվով բացատրելը շատ պարզունակ կլիներ, որովհետեւ նախկին ամենազոր հրամանատարը, ով արցախյան բեսպրեդելի խորհրդանիշն էր, ըստ էության` վաղուց էր մեկուսացված քաղաքական եւ հանրային մերժումի հետեւանքով:
Այսօրվա դատավճիռն ավելի խորքային փոփոխությունների հետեւանք է: Հայաստանում ավարտվում է «մաուզերիստների» իշխանությունը եւ այդ կարգավիճակը նրանց այլեւս արտոնություններ չի տալիս դատարաններում կամ այլուր:
«Մաուզերիստներին» իշխանությունները սկսել են համարել կամ սովորական մահկանացու, որոնց հանդեպ օրենքը տարածվում է ողջ խստությամբ, կամ էլ` օլիգարխ, ով պատժվում է, երբ հակադրվում է իշխանությանը: Սամվել Բաբայանը առաջինն էր, որովհետեւ էպոտաժային կերպար է:
Հաջորդ խորհրդարանում «մաուզերիստների» չենք տեսնի: Դա չի նշանակում, որ քաղաքական համակարգի որակը լավանում է. այն «քաղաքակրթվում» է` այլեւս չունենալով «հրացանով» մարդկանց անհրաժեշտությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
