ՄԱՅՐԻԿ.Արմեն Ստեփանյան
Հիշողության մոխիր.
Մոռացության վարդեր
Եվ արցունքի կաթիլ՝ ընկնող մոխրի վրա.
Ծլարձակող կարոտ
Հոգու անձավներում,
Վերականգնվող պատկեր անհույս դատապարտման…
Հիշողության մոխիր.
Ժամանակի ճնշում
Եվ հառաչանք՝ պոկված մորս հոգնած կրծքից․
Նվիրումի աղոթք՝ նրա ճաքած շուրթին,
Եվ տառապանք՝ ճերմակ վարսերի մեջ շաղված…
Հիշողության մոխիր.
Տան պատերը՝ ճաքած.
Երերացող սյուներ հոգու խաղաղության.
Մորս աչքերի մեջ՝ վիրավորանք սառած,
Եվ կնճիռներ պարող՝ ծնված անժամանակ…
…Խնձորենու ծաղիկ. գարնան երգը՝ հուշեր…
Կենսահյութը սիրո պահի երակներում,
Մորս հոգում պահված սիրո մաքուր լույսեր,
Որ մի տուն է պահում արծիվների երկրում...
Արմեն Ստեփանյան