«Մեծ մտավախություն ունեմ, որ կլինեն լոկալ բախումներ. քաղաքագետը ներքաղաքական վերջին զարգացումների մասին»
«Ներքաղաքական դաշտում կատարվող վերջին զարգացումները, որեւէ լավ բան չեն հուշում. բացարձակ: Սկսած ակտիվիստների, քաղաքական գործիչների իրար վրա հարձակումներից՝ վերջացրած նրանով, որ Արցախում կան ուժեր, որոնք ջանում են, որպեսզի սկսվի պատերազմ եւ Հայաստանը պարտություն կրի: Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ այս ամենը որեւիցէ լավ հետեւանքներ չի ունենալու մեր երկրի համար»,-NewsMedia-ի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, ու հնարավոր սցենարներին, ասաց հայտնի քաղաքական վերլուծաբան, պատմաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ, նկատելով.
-Հուսով եմ, որ մեր իշխանությունները ավելի շատ պետականամետ մտածելակերպ կդրսեւորեն՝ վերջ տալով նման խոսակցություններին: Որովհետեւ իշխանություն նշանակում է ոչ միայն իշխել երկիրը, այլ նաեւ պարտականություններ ունենալ՝ հասարակության առաջ: Եվ եթե որոշ ընդիմադիր ուժեր իրենց ինչ-որ բան թույլ են տալիս, ապա իշխանությունը իրավունք չունի նման շռայլություններ իրեն թույլ տալու: Ես շատ մեծ մտավախություններ ունեմ, եւ չի բացառվում, որ կլինեն լոկալ բախումներ: Այդ իսկ պատճառով բոլոր քաղաքական ուժերը պետք է շատ զգույշ լինեն իրենց արտահայտությունների մեջ, որովհետեւ մենք գտնվում ենք այնպիսի մի տարածաշրջանում. շրջապատված այնպիսի հարեւաններով , որ մեզ չենք կարող թույլ տալ այնպիսի շռայլություն՝ ինչպիսին է ներքաղաքական իրավիճակի բարդացումն ու իրավիճակի սրացումը: Ինչից, անշուշտ կօգտվեն մեր հարեւանները:
Քաղաքագետի դիտարկմամբ.
-Պետք չէ մոռանալ, որ ՀՀ-ն եւ Արցախը հիմնականում իրենց հաղթանակները տոնեցին այն ժամանակ, երբ Ադրբեջանում ներքաղաքական սարսափելի ծանր եւ բարձիթողի վիճակ էր: Հիմա որոշ ուժեր շատ են նեղվում այն հանգամանքից, որ այդ փաստը առաջ է բերվում: Առավել եւս, որ այդ մասին հայտարարել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ես որպես պատմաբան, հաստատապես կարող եմ ասել, որ (որքան էլ ես ընդունեմ կամ չընդունեմ Սերժ Սարգսյանին), որ հայկական կողմը, այո, ամենամեծ հաջողությունների հասել է այն ժամանակ, երբ Ադրբեջանում բարձիթողի վիճակ էր: Եվ ես չեմ բացառում, որ եթե ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ սրվի, ապա նույն ադրբեջանցիները չեն օգտվելու այդ հանգամանքից եւ խնդիրներ չեն ստեղծելու հայկական երկու կողմերի համար:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
