Մեծերը մի պատերազմի էին մասնակցում, մենք՝ մեկ այլ...
Փոքր ժամանակ ես ու եղբայրս քիչ էր մնում մեր շենքի նկուղի ապաստարանը հրդեհեինք։ Ալազանի սնարյադից վառոդ էինք հանել։ Էտ անտերը հետաքրքիր հատկություն ուներ՝ երբ վառում էիր, կրակն ինքն իրան անջատվում, հետո նորից վառվում էր։ Էտպես մի կես ժամ անջատվում֊վառվում էր, հետո մտածեցինք, թե վերջ՝ էլ չի վառվի, էն էլ գիշերը նորից վառվեց։ Սաղ տեղաշորն այրվել էր։ Քնած էինք, երբ արթնացանք, մեծերն արդեն հանել էին մեզ դուրս։ Բոլորը ծխի մեջ կորած էին։ Մայրս ու հարևանները այդպես էլ չհասկացան, թե ինչից հրդեհ բռնկվեց։ Դե, բնականաբար, մենք էլ չասեցինք։ Առաջին խոստովանությունս է)))։
Փոքր երեխեք էինք, պատերազմը ուրիշ ձև էինք ընկալում։ Երբ հիշում եմ այդ օրերը, հասկանում եմ, որ հաճախ չափից ավելի էմոցիոնալ էինք, երբեմն՝ անհասկանալի սառնասիրտ։ Չգիտեմ։ Տպավորությունս այն է, թե մեծերը մի պատերազմի էին մասնակցում, մենք՝ մեկ այլ...
Այսօր մի քիչ շուտ տուն եկա։ Երեխեքին վաղուց էի խոստացել երեկոյան զբոսանքի տանել։ Տղերքիս հետ զրուցում էի ու հասկացա, որ մի մեծ պատերազմ էլ իրանք են հիմա վերապրում։ Մեր զինվորների հաղթանակների մասին պատմություններ են հորինել, հերոսների կերպարներ են կերտել ու... հաղթում են։ Անհամբեր սպասում են, որ Ոսկանապատ գնանք։ Սպասում են ու հավատում... Այ տենց բաներ։