Մեկնարկեց «Վերնիսաժի գործը».
Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մեկնարկեց «Վերնիսաժի գործով» դատավարությունը եւ րոպեներ անց հետաձգվեց:
Նախ նշենք, որ դատական նիստը սկսվեց ուշացումով, քանի որ ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի համար շտապօգնություն էր կանչվել: Նշանակված դահլիճից ավելի մեծ դահլիճում մեկնարկած դատավարության ժամանակ նախագահողը հայտնեց, որ նիստին տուժողները չեն ներկայացել, եւ մեղադրող դատախազը միջնորդեց հետաձգել նիստը: Որոշում կայացվեց նաեւ պատշաճ ծանուցում ստացած, սակայն դատարան չներկայացած տուժողին բերման ենթարկել:
Նախագահողը, լսելով կողմերի կարծիքները, բավարարեց միջնորդությունը, եւ նիստը հետաձգվեց: Այն տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:
Նշենք, որ երբ դատավորը նիստը հետաձգելու որոշում էր կայացնում, ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն ընդհատեց նրան` ասելով, թե կարեւոր միջնորդություն ունի անելու: Դատավոր Գագիկ Պողոսյանը, նկատողություն անելով պաշտպանին, շարունակեց հրապարակել որոշումը: Այդուհանդերձ, պաշտպանը հայտարարեց. «Իմ պաշտպանյալին պետք է վիրահատեն: Տուժողների ներկայանալն ավելի՞ կարեւոր է, քան պաշտպանյալիս առողջությունը»: Սրան ի պատասխան՝ դատարանը նկատեց, որ վիրահատության հարցերը կլուծի քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի տասնյոթին «Վերնիսաժ» տոնավաճառում հնչեցված կրակոցների շուրջ հարուցված քրեական գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը: Երեք ամբաստանյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, առողջությանը ծանր եւ միջին ծանրության վնաս հասցնելու եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով, իսկ Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով»:
