Մենք եկել ենք, որ նոր վարչապետն իմանա` այսօր մեր երեխաներն են, վաղը` իրենցը կլինեն...
Ոչ մարտական պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողներն արդեն չեն էլ հավատում, որ իրենց որդիների մահվան գործերը կբացահայտվեն: Սակայն ներքին մի հույս նրանց այսօր բերել էր կառավարության շենքի մոտ: Որդեկորույս սևազգեստ մայրերը, որդիների նկարներն իրենց կրծքին ամուր սեղմած, եկել էին վարչապետին իրազեկելու իրենց խնդրի մասին:
Զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, Fnews.am-ի հետ զրույցում նկատեց, որ անցած 15 տարվա ընթացքում հարցը լուծում չի ստացել, և այդպես էլ չեն պարզել իրենց որդիների մահվան պատճառները, այսօր էլ չեն ակնկալում ոչինիչ:
Հիշեցնենք, որ ծնողներից մեկը 15, մյուսները 9, 6 և 3 տարիներ շարունակ պահանջում են արդար դատավարություն, որպեսզի պարզեն,թե ինչպես են խաղաղ պայմաններում մահացել իրենց որդիները:
«Հայաստանի Հանրապետությունում պետք է համակարգային փոփոխություն լինի, որ մեր երեխաներին սպանողները պատասխանատվության ենթարկվեն, բայց հիմա ո՞ւր են նրանք` պաշտոնների…Հայկազ Բաղմանյանից սկսած՝ Մհեր Ստեփանյանից վերջացրած: Մենք այսօր այստեղ ենք, որ նոր վարչապետն իմանա. կան զոհված զինվորների գործեր, որոնք կոծկվում են քննչական մարմինների ձեռքով…»,- ասաց Գոհար Սարգսյանը:
Ծնողների խնդրանքով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորր Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թե ինչ է արվելու տղաների մահվան գործերի բացահայտման ուղղությամբ: Վերջինս պատասխանել է, թե «ամեն ինչ արվել է»: Գոհար Սարգսյանը նեղսրտելով նկատեց, որ եթե արված լիներ, ապա իրենք ստիպաված չէին լինի այսօր կրկին գալ կառավարության դիմաց կանգնել:
«Ի՞նչ է արվել… եթե 9 տարի է ես իմ երեխու մահվան պատճառը չգիտեմ, ի՞նչ է արվել… իրավական գնահատական չի ստացել ոչ մի գործ…»,- չեր հանգստանում տիկին Գոհարը` հավելելով. «Այսօր մեր երեխաներն են, վաղը` իրենցը կլինեն…»:
