«Մենք գիտակցում էինք, որ զոհվելով՝ կարող էինք մարդկանց կյանք տալ, որպեսզի ապրեն». ՄԱՐԳԱՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ
Կենդանի Լեգենդը՝ մերօրյա Հերոս կապիտան Մարգար Սարիբեկյանն է , ով Արցախյան այս գոյապայքարի հերոսներից է։ Հենց նա է, որ կա՝աննահանջ Վաշտի Հրամանատարը, ով անառիկ է պահել, եւ շարունակում է պահելԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսարեւելյան հատվածը:
Պատերազմի օրերին ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանի ղեկավարած վաշտի սխրանքների մասին շատ խոսվեց, եւ դեռ պատմության էջերում շատ է խոսվելու նրանց խիզախության, կամքի ու արիության մասին: Արցախը թեկուզ վիրավոր. բայց կանգուն է, քանի որ կան Մարգար Սարիբեկյան քաջորդիներ, ովքեր արթուն պահապաններն են Արցախ աշխարհի ու Մայր Հայաստանի…
Ի դեպ, Արցախի հյուսիսարևելյան հատվածը, որի պահպանությունը վստահված էր Մարգարի քաջերին, այսօր էլ անառիկ է, ու կանգուն. այսօր էլ այնտեղ հայկական դրոշն է ծածանվում՝շնորհիվ Մարգար Սարիբեկյանի ու նրա քաջերի:
Եւ պատահական չէր, որ 44-օրյա մարտերում ցուցաբերած բացառիկ քաջության համար, շաբաթներ առաջ կապիտան Մարգար Սարիբեկյանի վաշտի անձնակազմը խրախուսվեց պետական բարձր պարգեւներով՝ 15 զինծառայող արժանացավ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, 9-ը ՝ «Արիության», մյուսներն էլ՝ «Մարտական ծառայության» մեդալների: Վաշտի հրամանատար, իսկ ահա ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանն էլ արժանացավ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Մարգար Սարիբեկյանը, որ արդեն տարիներ շարունակ փառքով ու պատվով է կատարում հայրենիքի պաշտպանության սուրբ գործը՝ արցախյան նոր գոյապայքարում եւս, կրկին անգամ ապացուցեց թշնամուն, որ Հայկյան ցեղի զավակներն ապրում են, պայքարում ու մարտնչում հերոսաբար:

Արցախի հյուսիս արևելյան հատվածում, Մարգար Սարիբեկյանը համառ մարտեր է մղել առաջնագծում, աչքի ընկնելով վաշտի ղեկավարման գրագետ գործողություններով: Անձամբ խոցել, ու շարքից հանել է թշնամու զրահատեխնիկան, իսկ իր ստորաբաժանումը ճշգրիտ կրակով հակառակորդին պատճառել է մարդկային զգալի ու լուրջ կորուստներ:
Մարգար Սարիբեկյանի գլխավորությամբ, հայկական կողմը կարողացել է հետ մղել թշնամու դիվերսիոն խմբին, որի արդյունքում թշնամին մոտ 600 զոհ է տվել ...
Մարգար Սարիբեկյանը , նկատելով թշնամու առաջխաղացումը, հրաման է տվել կրակ բացել թշնամու ուղղությամբ։ Այս խմբի հարձակումով թշնամու՝ հայկական կողմ ներթափանցելու փորձերը չի ավարտվել։ Եղել են բազմաթիվ այլ գրոհներ , սակայն, այդ փորձերը եւս, հաջողությամբ չեն պսակվել։Քանի որ Կապիտանի հրամանատարությամբ գտնվող զինվորների գրագետ ու ճկուն գործողությունների շնորհիվ, թշնամու ուժերը ետ են շպրտվել:
Հերոս Մարգար Սարիբեկյանը, NEWSMEDIA.am-ի հետ զրույցում, հիշելով պատերազմական ծանր օրերի ու ժամերի մասին, նախ հպարտությամբ խոսեց իր բոլոր զինվորների ու քաջերի մասին, նշելով որ նրանցից ամեն մեկը ՝մի Մարտիկ էր իր տեսակով, ովքեր հանուն հայրենիքի պատրաստ էին չխնայելու ամենաթանկը՝ իրենց կյանքը…
Հիշելով պատերազմի ամենակարևոր դրվագների մասին, կապիտան Մարգար Սարիբեկյանը, եւս մեկ անգամ ընդգծեց, որ հայ զինվորը չի պարտվել, որ Հայ Զինվորը մարտնչել է արիաբար՝մինչեւ վերջ պայքարելով հանուն հայի լինելիության, հայրենիքի, մայր Հայաստանի փրկության: «Հայ զինվորը մարտնչել է, որ ապրի Սերունդը, որ ապրի Հայը», -իր խոսքում հպարտությամբ նշեց կապիտանը ու հավելեց.
«Մենք Մարտակերտում էինք մարտչում, եւ այնտեղ, որտեղ ես ու իմ ստորաբաժանումն ենք եղել ու կռվել՝ անառիկ է մնացել մինչ օրս: Ես, իմ զինվորները, այն կամավորները ովքեր մեզ հետ են եղել ու կռվել մինչև վերջ, մենք մեզ պարտված չենք զգում երբեք: Քանի ր մեզ վստահված սահմանները՝ անառիկ են մնացել. Նժդեհը մի լավ խոսք ունի.ասում է՝ «Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել»: Ինչ խոսք, ես մեծ ցավ եմ ապրում մայր հողի կորստի համար, բայց և մեծ հպարտություն եմ ապրում, երբ հիշում եմ, թե կռվի թեժ պահերին ինչ խիզախությամբ է մարտնչել Հայ Զինվորը, Կամավորը, Նվիրյալը: Մենք գիտակցում էինք, որ մեր մեռնելով՝ կարող էինք մարդկանց կյանք տալ, որպեսզի ապրեն: Ահա այս սկզբունքով էինք առաջ գնում, մեր կյանքը դրել էինք զոհասեղանին, որպեսզի մեր սերունդները ապրեն, արարեն ապահով հայրենիքում»:

Հարցին, թե արդյո՞ք այս պատերազմում պարտվեցինք ու տանուլ տվեցինք նաեւ հայրենասիրության պակասի պատճառով, կապիտանը արձագանքեց.«Հայը պետք է հայրենասեր լինի: Կռվի ժամանակ պետք է գիտակցես, որ հողիցդ հենց սկսեցիր մի քիչ զիջել՝ այդպես քիչ-քիչ մի օր էլ տունդ են մտնելու: Շատ տեղեր այդպես եղավ. իսկ մենք երբեւէ չզիջելու հոգեբանությամբ ու սկզբունքով ենք մինչև վերջ կանգնել, որ ոչ մի թիզ չպետք է տանք, որպեսզի ոչ մեկի տանը չկարողանան մոտ գնալ: Ու այդ ամբողջ հարվածը վերցրել ենք մեր ստորաբաժանման վրա, և մինչև վերջ պահել ենք դա: Մի փոքր զիջեինք մեր կողմից, Մարտակերտը այլևս չէր լինի: Գիտեք, ցանկացած հրետակոծությունից հետո, թշնամին սկսել է հարձակվել ավելի լայն թափով, ու եթե այդ հրետակոծություններին չդիմանայինք ու հրետակոծությունից հետո թշամուն իր տեղը ցույց չտայինք, ապա նա ավելի շուտ կհասներ իր նպատակին:
Առհասարակ, ես շատ եմ կարևորում զինվորի, մարտնչողի մարդկային տեսակը, դաստիարակությունը, հայրենիքի հանդեպ ունեցած զգացողությունները: Կարեւորում եմ, որ մեր սերունդը, եկող սերունդները լավ իմանան իրենց պատմությունը, շատ կարդան .իմանան ով որտեղից է գալիս… ով՝ով է: Դա շատ կարեւոր է.նախ եւ առաջ ճիշտ քաղաքացի ձեւավորվելու համար:
Այսօրվա սերնդի մեջ, ցավոք քիչ չեն նրանք, ովքեր հեռու են կանգնում գիտելիքից. ու հենց տղաները գալիս են ծառայության, ես միշտ հարցեր եմ տալիս պատմությունից, ու ցավոք միշտ չէ, որ պատասխանը գոհացնող է լինում: Հարկավոր է երեխային ճիշտ դաստիարակել և մեծացնել, հայրենասիրական ոգին մեծացնել, այ երբ այդ ոգին յուրաքաչյուր հայի մեջ լինի, այդ ժամանակ մենք կհաղթենք: Եւ ես վստահ եմ, որ Հայը նորից իր Հաղթանակը՝վաղ թե ուշ կերտելու է»:
Քաջարի հրամանատար, մեզ հետ զրույցում եւս մեկ անգամ շեշտեց, որ դեռ պայքար ունի մղելու, դեռ ծառայություն ունի նա տանելու: Իսկ որ Մարգար Սարիբեկյանը, իր Տեսակով դարձել է սերունդներ դաստիարակելու վառ օրինակ, այդ մասին մեզ պատմեցին նրան ճանաչող ու նրա հետ ճանապարհ անցած մարտական ընկերներից շատ-շատերը, որոնց պատմություններին դեռ առթի կունենանք անդրադառնալու…

Հիշեցնենք, որ Մարգար Սարիբեկյանը ծնվել է 1995 թ-ի օգոստոսի 20-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում, 2010-1013 Սովորել է Արմավիրի մարզի Տիգրան մեծ վարժարանում այնուհետև շարունակել է ուսումը 2013-2017 թթ-ին Վ.Սարգսյանի անվան համալսարանում, որպես ապագա հետախույզ: 2017թ-ից արդեն որպես սպա ծառայում է ՊԲ-ում:
Հ. Գ
ՊԱՐՈՆԱՅՔ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐ...ՀՀ-ի եւ Արցախի...ՄԱՐԳԱՐ ՍԱՐԻԲԵՐԿՅԱՆԸ ԱՅՆ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻՑ , որ ԱՐԺԱՆԻ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԿՈՉՄԱՆՆ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ....
ՀԱՅՈՐԴԻ, որ ԱՐԺԱՆԻ Է ՀԵՐՈՍ ԿՈՉՎԵԼՈՒ....
Այս մասին , առիթ ունեցել էինք գրելու, եւ խոսելու եւ արձագանքներն էլ այս առթիվ չէին ուշացել.մնում է ի մի բերել մեր Հայորդիների հերոսական ճանապարհը, որի միջով նրանք անցել եւ անցնում են, եւ արժեվորել…այն սխրանքն ու քաջությունը , որ դրսեւորել եւ շարունակելու են դրսեւորել հանուն հայի, հանուն հայրենիքի ու Հայաստան Աշխարհի:

NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից
