Մենք կողմ ենք ԱԺ արտահերթ, բայց ոչ անհապաղ ընտրություններին. Արմեն Ռուստամյան
Մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ ենք արտահայտվել, բայց ոչ անհապաղ ընտրություններին. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք ժամկետների հետ ունենք շատ հստակ մոտեցում, կան անհրաժեշտ քայլեր, որոնք կատարելու համար պետք է բավարար ժամանակ հատկացվի, մենք այդ անհրաժեշտ քայլերի մասին խոսել ենք, հիմա բանակցություններին ավելի հստակ կասենք: Ճիշտն այն կլինի, որ ճանապարհային քարտեզի շուրջ գանք համաձայնության»,- ասաց պատգամավորը:
Հարցին` եթե առաջարկվի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մինչև տարեվերջ, ո՞րը կլինի իրենց դիրքորոշումը, ՀՅԴ պատգամավորը նշեց, որ եթե մինչև տարեվերջ լինի, դա կնշանակի, որ մենք նորմալ Ընտրական օրենսգիրք չպետք է ընդունենք: «Պետք է ապահովվեն ընտրությունների ավելի անաչառ վերահսկողություն, իսկ դրա համար պետք է տրվի հնարավորություն հասարակությանը, քաղաքական ուժերին, որպեսզի պատշաճ կերպով պատրաստվեն ընտրություններին, սրանք ժամանակ ենթադրող բաներ են:
Ոչ թե պետք է ժամանակ ֆիքսել ընտրությունների անցկացման համար, այլ քայլերի, որոնք անհրաժեշտ է կատարել, դրա հետ կապված ժամանակը, պետք է տեսնել, թե որն է»,-ասաց նա:
