Մենք թալիշ եւ լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք. Արայիկ Հարությունյան
«Սիրելի ՛ թալիշ եւ լեզգի եղբայրներ եւ քույրեր, մենք ուշադիր հետեւում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ եւ լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու եւ Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիեւի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ եւ լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու եւ այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել:
Մենք կարեւորում ենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների եւ լեզգիների՝ մեր հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաեւ համակրանք ունենալու մշտական դրսեւորումները:
Ուզում եմ հավաստիացնել, որ մենք թալիշ եւ լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք եւ պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը: Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում եւ Լեզգիստանում», - այս մասին գրում է Արցախի նախագահ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։