Մեր տղերքն ափսոս են «շակալների բերան» տանելու համար
Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի վերջին հարձակումը Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա և երկու ժամ տևած փոխհրաձգությունը, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 4
վիրավոր, նորից և նորից օրախնդիր են դարձնում առաջին գծի խնդիրը: Սահմանին կանգնած հայ զինվորի մարտական ոգուն ու պատրաստվածությանը կակածելու մասին խոսք անգամ լինել չի կարող՝ մեր զինվորները իսկապես անում են անկարելին: Բայց ամեն դեպքում նրանք զինվոր են՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայող, ովքեր ստիպված են կռիվ տալ հատուկ պատրաստվածություն անցած դիվերսիոն խմբերի հետ, որը, մեղմ ասած, խիստ անհավասար կռիվ է: <<Սահմաններում եղել եմ, տեսել եմ՝ ոնց են մեր զինվորները պաշտպանում: Մեր զինվորները երկու տարվա ծառայող են, հասարակ զինվոր են: Իրենց դեմ դուրս են գալիս հատուկ ջոկատներ, որոնք գնում են Թուրքիայում հատուկ վերապատրաստվում են ու գալիս: Հարցն այն է, որ այդ հատուկ ջոկատներում ադրբեջանցի հասարակ զինվորներ չեն կռվում, Ադրբեջանը հասարակ զինվոր չի հանում: Ադրբեջանը չի ուզենա ու չի անի դա: Դիվերսիաներ անողները զինված են հատուկ նշանակության հարձակողական զենքերով եւ սարքավորումներով: Այդ ջոկատները ոնց որ շակալներ լինեն…»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Արցախի հերս, լեգենդար հրամանատար և ռազմական գործի փորձառու մասնագետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը և հավելել, որ շատ իրատեսական ծրագիր է, եթե փորձառու երկրապահներ գնան առաջնագիծ եւ երիտասարդ տղաների կողքին լինեն, նրանց փոխանցեն իրենց հմտությունն ու գիտելիքները: Գեներալ-մայորը նաև ասել է, որ ինքն անձամբ շատերին գիտի, ովքեր ցանկանում են մեկնել սահման:
Առաջնագիծը առավել փորձառուներին վստահելու մասին այսօր խոսել է նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ առաջին գիծը պետք է վստահվի պրոֆեսիոնալներին. << Առաջին հերթին զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդները հանվելու են առաջին գծից և զբաղվելու են բացառապես մարտական պատրաստությամբ: Բացի այդ՝ առաջին գիծը սարքավորվելու է միանգամայն այլ տարբերակով, և այնտեղ ծառայելու են միայն համեմատաբար տարիքն առած, ժառանգ ունեցող, ավելի փորձված և, ամենակարևորը՝ այսօր սահմանը պահող զինծառայողների համեմատությամբ առնվազն հինգ անգամ պակաս քանակով պայմանագրային զինծառայողներ>>,- ՖԲ էջում նշել է Ժիրայր Սեֆիլյանը:
Փաստորեն, անկախ քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից, ռազմական գործի մասնագետները նույն բանն են ասում՝ դիվերսանտի դեմ 18 տարեկան զինվորին հանելը համարժեք է մեր սիրասուն ջահելներին <<շակալներին մատաղ անելուն>>: Մենք կորցնում ենք ջահելների, որոնք հետո պետք է ընտանիք կազմեն և երեխաներ ունենան, հաշմանդամ ենք դարձնում մյուսներին, ովքեր հետագայում լիարժեք կյանքով չեն ապրելու:Ժիրայր Սեֆիլյանն իրավացի է՝ սա, իսկապես արյունաքամություն է և գենոֆոնդի սպառում: Վաղուց է խոսվում առաջնագիծը գոնե առավել խոցելի և ավանդաբար հարձակումների ենթարկվող սահմաններում պրոֆեսիոնալներին վստահելու մասին, բայց ՀՀ ռազմական ղեկավարությունը չի գնում այդ քայլին: Պրոֆեսիոնալ պաշտպանությունը, բնականաբար, ավելի թանկ պաշտպանություն է, քան սահմանը զինվորի ուժերով պահելը, որովհետև պայմանագրային զինծառայողին պետք է երկարատև և հատուկ պատրաստում ապահովել, և բացի այդ՝ շատ բարձր վարձատրել, ինչպես նաև նրան ու նրա ընտանիքին տալ սոցիալական երաշխիքներ: Որքան էլ որ սա թանկ լինի, պետք է անպայման գնալ այդ քայլին ու ժամկետային զինծառայողին սահմանին մենակ չթողնել: Եթե պետությունն այսօր չունի այդ գումարները, ուրեմն թող գտնի. թող կրճատի գեներալական սպասարկման ծախսերը, թող օլիգարխները բացեն իրենց գրպանները, թող պաշտոնյաները հրաժարվեն իրենց ճոխ կյանքից, որովհետև սահմանին կանգնած զինվերի կյանքից ավեկի թանկ ու կարևոր որևէ այլ բան չկա ու չի կարող լինել: Իսկ պնդումը, թե այս մարտավարությունը կարող է թուլացնել բանակի ընդհանուր մարտունակությունը, ինչը վտանգավոր է պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի համար, թույլ հիմնավորում է, որովհետև խոսքը չի գնում ընդհանրապես զինվորին դիրքեր չուղարկելու մասին. խոսքը բանակում, ավելի կոնկրետ՝ դիրքերում պրոֆեսիոնալ ստորաբաժանումների մշտական ներկայություն ապահովելու մասին է, որոնք կարող են առավել նպաստել մարտական պատրաստվածության բարձրացմանը: Նույնը վերաբերում է նաև առաջին գծի տեխնիկական վերազինմանը, որի մասին առայժմ միայն խոսվում է: Սպասելու ժամանակ այլևս չկա, մեր տղերքն ափսոս են <<շակալների բերան>> տանելու համար:
Կարինե Սարիբեկյան
