Մետաքս թաղամասում «ՏՈՏՈ»-ի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվում են 24-ամյա երկվորյակ եղբայրները.
Այսօր` հոկտեմբերի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Միքայել Զադոյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Խորենացի փողոցի 47 շենքի բնակիչներ, 24-ամյա Գևորգ և Հենրիկ Բարսեղյանների նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս երկվորյակ եղբայրներ են իսկ թաղամասում հայտնի են` որպես «Կաբելչիկ Արթուրի» որդիներ և կասկածվում են հոկտեմբերի 26–ին Մետաքս թաղամասում «ՏՈՏՈ»- բուքմեյքերական կենտրոնի մոտ շատերի կյանքին վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` քննչական մարմինը դիմելու է նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կալանավորման որոշում տա:
Երկվորյակ եղբայրները հայտնաբերվելու դեպքում տեղափոխվելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը դեպքի վայրում և դրան հարակից տարածքներից առգրավել են տեսանյութեր, որոնք արձանագրվել են նշված վայրերում տեղադրված տեսախցիկների կողմից:
Օրերս էլ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ նշված կրակոցների գործով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են ոստիկանութան քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի տղայի աներձագին, ով, իբրև, մասնակից է եղել կրակոցներին, սակայն իրականում այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Գ. Ավետիսյանը ունի մեկ անչափահաս որդի, հետևաբար, այդ տեղեկությունը հերքվում է: Թե ով և ինչի համար է նման ապատեղեկատվություն տարածում` այլ հարց է:
մանրամասն՝ այստեղ: