Մեղադրյալը հաղորդել է ոստիկանների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Լարվենտ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները 2015 թվականի հունիսի 21-ին անձնական խուզարկության են ենթարկել քաղաքացի Թ. Ա.-ին, սակայն այդ մասին արձանագրություն չեն կազմել: Ոստիկանության աշխատակիցները Թ. Ա.-ին անձնական խո ւզարկության ենթարկելու մասին արձանագրությունը կազմել են հետագայում՝ դրանում մտցնելով կեղծ տվյալներ ինչպես խուզարկության կատարման վայրի, այնպես էլ ժամանակի և մյուս օբյեկտիվ հանգամանքների մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, Լարվենտ Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: