Մի բան կարող եմ ասել, որ սխալ հետքի վրա իզուր ժամանակ են կորցնում
Սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, ամիսներ առաջ բարձրաձայնեց իր տրամադրության տակ հայտնված մի սենսացիոն տեսաերիզի մասին: Ըստ Պ. Մհերյանի տվյալ տեսաերիզում՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ խոսվում է իր որդու սպանությունը ուրիշի՝ Գեւորգ Իգիթյանի գլխին բարդելու եւ տվյալ ծրագիրը իրագործել սցենարի մասին։
Պարզվում է, որ Մհերյանի սպանության գիշերը՝ դեպքից երկու ժամ անց, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Իգիթյանին կանչել էր իր մոտ, եւ ինչպես ինքն է ասել, զրուցել հետը։ Ըստ սպանվածի հոր՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը բնավ էլ անմասն չէ փոխոստիկանապետի սպանության գործից: Վերոնշյալ թեմայի շուրջ, Fnews.am-ը զրուցեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ.
-Պարոն Սարգսյան, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, ներկայումս Ձեր անունն է շոշափում եւ նշում, որ իր որդու սպանության գործում Դուք անմասն չեք: Ձեր մեկնաբանությունը կխնդրեի այս ամենի հետ կապված:
-Ես բազմաթիվ անգամ հերքել եմ, եւ եւս մեկ անգամ հերքում եմ`դա անհեթեթություն է: Զառանցանքի աստիճան անհեթեթություն է, հետեւաբար այլ բան չեմ կարող ասել:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ այդ գործի հետ կապված Ձեր անունն է անընդհատ շոշափվում:
-Չգիտեմ… Տղա է կորցրել, փորձում է ինչ-որ մի բան ճշտել, ինչ-որ բան հասկանալ: Ես չգիտեմ, սա ինձ հետ ընդհանրապես կապ չունի: Մի բան կարող եմ ասել, որ սխալ հետքի վրա իզուր ժամանակ են կորցնում, սա ինձ հետ ընդհանրապես առնչություն չունեցող հարց է, եւ ամեն տեսակի մարդկային տրամաբանությունից դուրս է:
-Որոշակի քայլերի դիմելո՞ւ եք Ձեր անմեղությունն ապացուցելու համար, թե՞ մամուլում հայտարարություններով անելով եք սահմանափակվելու:
-Ի՞նչ քայլերի դիմեմ: Անմեղ մարդն ի՞նչ քայլերի է դիմում…Ի՞նչ քայլերի դիմեմ, որ ապացուցեմ իմ անմեղությո՞ւնը, ես ինչ կապ ունեմ դրա հետ, որ մի հատ էլ ապացուցեմ: Ես իմ անմեղությունն ապացուցելու կարիք չունեմ, արդեն սկսել եմ հումորով վերաբերել այս ամեն ինչին:
Սոսե Չանդոյան
