Մի տարի՝ էս կողմ, մի տարի՝ էն կողմ . «Հրապարակ»
Երեկ «Ժառանգություն» կուսակցության մի խումբ անդամներ եւ համակիրներ դիմել էին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ պահանջելով չգրանցել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածուներին, քանի որ, ըստ նրանց, 2016 թ․ հունիսի 28-ից կուսակցության վարչությունը դադարել է գործել, քանի որ ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը։ «Րաֆֆի Հովհաննիսյանը, չունենալով վարչության նախագահի լիազորություն, կատարել է գործողություն` ստորագրել համաձայնագիր ՀՀ ԱԺ ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու վերաբերյալ»,- գրված է բողոքի մեջ։ Կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանը, ով պատգամավորի թեկնածու է, հայտարարությունը որակեց խիստ կասկածելի, քանի որ գրված չէ, թե կոնկրետ ովքեր են բողոքում։ Ինչ վերաբերում է վարչության ոչ լեգիտիմությանը, ապա ասաց, որ իր համար հիմք են հանդիսանում դեկտեմբերի վերջին եւ հունվարին տեղի ունեցած խորհրդի նիստերը․ «Առաջին նիստում լիազորեցին վարչության անդամներին՝ բանակցություններ սկսել քաղաքական դաշտում գործող ուժերի հետ, իսկ հունվարին համաձայնություն տվեցին, որպեսզի կուսակցությունն ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցի դաշինքով»։ Իսկ «Ժառանգության» համագումարը տեղի է ունենալու այս տարվա ապրիլին։ Փաստորեն՝ ոչինչ, որ օրենքը խախտվել է եւ ուղիղ մեկ տարի համագումար չի հրավիրվել։ «Հիշեք անցյալ տարվա հունիսյան իրադարձությունները, երբ Հայաստանը գտնվում էր արտակարգ ռեժիմում, այդ պարագայում գնալ քաղաքական այնպիսի միջոցառման, ինչպիսին կուսակցության համագումարն է, հասարակության կողմից չէր ընկալվի, որովհետեւ ՊՊԾ գնդի իրադարձությունները, իսկ դրանից առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, կարծես չհայտարարված արտակարգ ռեժիմ է եղել։ Այնպես որ, պետք չէ դրանից թոհուբոհ սարքել»
