Միանգամից շտապօգնություն ենք կանչել ու երեխաներին տեղափոխել հիվանդանոց
Երեկ Արարատի մարզի Բաղրամյանի գյուղի դպրոցում աշակերտների մասսայական թունավորման դեպք է արձանագրվել, որի հետեւանքով դպրոցի շուրջ 46 երեխաներ հոսպիտալացվել են:Բաղրամյանի գյուղապետ Սոս Բենիամինյանը, Fnews.am-ի զրույցում անդրադառնալով դեպքին, մասնավորապես նշեց. "Երեխաների վիճակը բավարար է, նախնական տվյալներով՝ նրանք թունավորվել են դպրոցի ճաշարանից գնված նրբերշիկից: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանձնարարել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչեւ չպարզվի թունավորման պատճառը եւ չվերացվեն բոլոր խախտումները: Երեխաները բուֆետից օգտվելուց ընդամենը կես ժամ հետո սկսել են սրտխառնոց, թուլություն, փորի շրջանում ցավեր զգալ: Միանգամից շտապ օգնություն ենք կանչել եւ երեխաներին տեղափոխել ենք Արտաշատի հիվանդանոց: Սկզբում թունավորվածների թվը քսան էր, բայց աստիճանաբար հասավ մինչեւ 46: Փառք Աստծո ծանր դեպքեր չկան, հուսով ենք թունավորման բուն պատճառն էլ պարզ կլինի, բայց որ բուֆետի ապրանքներից է, դա հաստատ":
Ն. Ադամյան
