Միայն գործով մեղադրյալ Վաչե Սահակյանն է ընդունում մեղադրանքը՝ մասնակիորեն
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթցաքում գործով մեղադրյալները հայտնեցին, որ իրենք մեղավոր չեն և չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները: Միայն գործով մեղադրյալ Վաչե Սահակյանը, ընդունում է մեղադրանքը մասնակիորեն.«Մի խումբ անձանց կողմից չի եղել ծեծը, միայնակ եմ եղել»: Ամբաստանյալներ Գնել Թևոսյանը եւ Մովսես Ազարյանը նույնպես հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց առաջադրված սպանության մեղադրանքը: Նախորդ դատական նիստին Հայկազ Բարսեղյանի հայրը հայտարարել էր.«Գնելն է կատարել այդ սպանությունը, նա դանակով հարվածել է և խեղդել մնացածի հետ։ Դա աբսուրդ է, ամենավերջին մարդը պետք է լինես, որ այդպիսի հայտարարություն անես։ Սպանության օրը նույնիսկ այնտեղ կուրսանտներ կան ասում են՝ երբ իմացա Հայկազին գտել են պտտաձողից կախված, ես վազելով գնացի այնտեղ, նրա կանգնած դիրքը տեսա, եւ միանգամից հասկացա, որ որ սա սպանություն է։ Այդ 18 տարեկան կուրսանտը հասկանում է, որ սպանություն է եղել, իսկ ինքը՝ փաստաբան լինելով․․․ էլի թող պաշտպանի, բայց թող դատարանը վճիռ կայացնի, մեղավոր է իր պաշտպանյալը, թե ոչ»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հ. Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։