Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 50.000 եվրո վճարել հայցվորին, ինչպես նաև 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով ՄԻԵԴ-ի կայքին:
Հայցվորը պնդել է, մասնավորապես, որ իր 30-ամյա որդու՝ Լևոն Գուլյանի մահը ոստիկանական բաժանմունքում կյանքի նրա իրավունքի խախտում է եղել: Նա պնդել է նաև, որ իշխանությունները իր որդու մահվան վերաբերյալ արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել և որ իր որդին անօրինական և կամայական կերպով զրկվել էր ազատությունից: 2007թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը բազմաթիվ վնասվածքներով մահացած է հայտնաբերվել Երևանի ոստիկանության կենտրոնական մասնաշենքի բակում:
Դատարանը վճռել է, որ կառավարությունը չի տրամադրել բավարար և համոզիչ բացատրություն կալանքի տակ գտնվելու ժամանակ Գուլյանի մահվան վերաբերյալ և գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ կյանքի իրավունքի վերաբերյալ 2-րդ հոդվածի խախտում: