Մինչև ամսվա վերջ աշխատավարձ չստանալու դեպքում նաիրիտցիները բողոքի ակցիա կանեն
Եթե մինչև մայիսի վերջ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները աշխատավարձ չստանան, բողոքի ակցիա կանեն: Tert.am-ին այս մասին ասաց գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը: Նա նշեց, որ ինքը մոտ 15 օր առաջ հանդիպել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, և վերջինս խոստացել է մինչև ամսվա վերջ խնդիրը ներկայացնել Կառավարությանը:
«Նախարարն ասաց, որ հարցը կներկայցնի Կառավարությանը, որպեսզի հասկանան, թե ինչ ճանապարհով է մեկ ամսվա աշխատավարձի հարց լուծվում»,-ասաց նա՝ նշելով, որ պետք է ստանան 2013 թ-ի հունվար ամսվա աշխատավարձը:
Հրաչ Թադևոսյանը նաև նշեց, որ բողոքի ակցիային բարձրացնելու են նաև գործարանի վերագործարկման հարցը:
Այնուամենայնիվ, գործարանի արհմիության նախագահը նշեց, որ հույսեր է կապում թե՛ նորանշանակ նախարարի, թե՛ վարչապետի հետ, քանի որ այլ բան չի մնում:
