Մինչև ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը ԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր չի լինելու.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա օգոստոսից Հայաստանը Եվրոպական մարդու իրավունքների դատարանում դատավոր չունի: Ենթադրվում էր, որ նոր դատավորի ընտրությունը պետք է տեղի ունենար ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում: Սակայն ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակի հետ խնդիր առաջացավ, եւ ընտրությունը չեղյալ ճանաչվեց: Արդյունքում մինչեւ ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը ԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր չի լինելու: Ուստի Հայաստանից ստացված դիմումները քննելու հարցն այլեւս ԵԴ-ում կարող է լուրջ խնդիր դառնալ: Բանն այն է, որ որեւէ երկրից ստացված դիմումի քննությունը տեղի է ունենում միայն համապատասխան երկիրը ներկայացնող դատավորի մասնակցությամբ: Երեկ իշխանական կայքերից մեկը լուր տարածեց, թե ԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը նշանակվել ՀՀ ՍԴ անդամ, կվերադառնա իր նախկին աշխատանքին: Բայց եթե նման բան տեղի ունենա, ապա հերթական անգամ կոպտորեն կխախտվի ՀՀ Սահմանադրությունը, քանի որ ՍԴ դատավորն իրավունք չունի միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնելու:
