Մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք, մինչև Շուշին ընկնելու օրը. Արծրուն Հովհաննիսյան
ավատում էի, որ հաղթելու ենք։ Եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին խաբել եմ, Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք, մինչև Շուշին ընկնելու օրը։ Դուք հիմա խոսում եք ընկճված, պարտված սպայի հետ, որի համար շատ ծանր է, ու չփորձեք ինձնից ավելի ողբերգական ընկալում ունենալ այդ ամեն ինչի մասին։ Ես շատ ծանր եմ տանում, գիտեմ՝ ամբողջ ազգն է ծանր տանում, բայց դա չի նշանակում, որ դուք իրավունք ունեք մեղադրանքներ հնչեցնելու։ Ամբողջ պատերազմի ընթացքում հավատացել եմ, ներկայացրել եմ կանոնավոր բանակի, զորքի փառահեղ կռիվը, իրենց փառահեղ կռվից հետո ինչ իրավունք ունեի չհավատալու, որ հաղթելու ենք, որովհետև ես հիմնվել եմ իրենց վրա»,- ասաց Հովհաննիսյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ասում են, որ Շուշին հանձնել են, ինչպե՞ս էր հնարավոր մտնել անառիկ բերդամրոցը ոլոր-մոլոր ճանապարհներով, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Չգիտեմ, անկեղծ ասած, բաներ կան՝ ես էլ չեմ հասկանում ու խորհուրդ կտամ մի քիչ սթափ նայել իրավիճակին։ Հասկանում եմ՝ բոլորս էմոցիաների վրա ենք, հիմա փոխադարձ մեղադրանքներն ու շատ վատ բառապաշարով մեղադրանքներն էնքան էլ տեղին չեն։ Ուսումնասիրել է պետք, պատերազմից հետո ամեն օր փորձում եմ պատերազմն ուսումնասիրել, ամեն Աստծո օր նոր տեղեկություններ եմ հավաքում, որ շատ անհասկանալի բաներ հասկանամ, որոնք պատերազմի ընթացքում չեմ հասկացել կամ ինձ էլ է հասել այդ տեղեկությունները զորքերից՝ որոշակի սխալմունքներով, թերություններով կամ հակասություններով։ Ես էլ չեմ կարողանում մինչև վերջ ինչ-որ բաներ հասկանալ, այդ թվում՝ Շուշիի հետ կապված։ Ամբողջ պատերազմի ընթացքում բացառապես տեղեկություն ստացել եմ Պաշտպանության նախարարությունից և Գլխավոր շտաբից։ Բացառապես», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։