Միքայել Բաղդասարովի հերթական բիզնեսը` էկոլոգիայի հաշվին
Ներկայումս բոլոր զարգացած երկրներում ակտիվ պայքար է տարվում էկոլոգիայի պահպանման համար: Սակայն ինչպես բազում կարեւոր հարցերում, այս պարագայում եւս, Հայաստանը գտնվում է վերջից առաջին տեղում: Երեւանյան մեկը մյուսից շքեղ, բայց միեւնույն ժամանակ դատարկ, անմարդաբնակ շենքերը վերջին տարիներին ոչ միայն ճնշում են հասարակությանը, այլ նաեւ տհաճություն են պարգեւում: Շատ անգամ այդ հսկայական երկնաքերները կառուցվում են գեղեցիկ այգիների եւ մարդկանց թթվածնի հաշվին:
Ոչ վաղ անցյալում Նոր Նորքի երկրորդ զանգվածում գտնվող «Վիշապների պուրակը», որտեղ տեղադրված են Ք.ա. երկրորդ հազարամյակի վիշապաքարերը, ինչպես նաեւ 14-15-րդ դդ. քարերը (դրանք ունեն կեդանիների տեսք), վտանգի տակ էին: Խնդիրը մեկն էր՝ նոր էլիտար շենքի կառուցումը: Ակտիվ պայքարից հետո ածխաթթու գազին սովորները սպիտակ դրոշ բարձրացրեցին, այգին ստացավ իր հին, գեղեցիկ տեսքը, ու այն հանձնվեց բնակիչներին: Սակայն ներկայումս վտանգի տակ է նույն վարչական շրջանի առաջին զանգվածի «Ֆիդայինների այգու» հարակից կանաչ տարածքը: Հատվել են բազմաթիվ ծառեր եւ կառուցվում է հսկա մի շենք: Ով գիտե առաջինը, բայց ոչ վերջինը:
Ինչպես ասում են օրենքները շրջանցելու համար են: Համայնքում շրջանառվող համառ լուրերի համաձայն, ասում են շենքի սեփականատերը Միքայել Բաղդասարովն Է: Հետաքրքրականն էլ այն է, որ ՀՀԿ-ական պաշտոնյաներին խնդրի հետ կապված դեռ վաղուց էին տեղյակ պահել, սակայն… Ինչպես միշտ Բաղդասարովի թուրը թեկուզ «տակից»՝ աջ է կտրում, քանի որ փաստը ցույց է տալիս, որ ազգիս գործարարի ձեռքը որեւէ մեկը չի բռնում: Այլապես անհասկանալի է, թե ինչու են խորը քնով անցել պատկան գերատեսչություններն ու ոլորտի պատասխանատուները:Շարունակելի...
Սոսե Չանդոյան
