ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը կողմ է արտահայտվել 6 պատգամավոր
2013 թ. հոկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ի պատասխան Մաքսային Միության վերաբերյալ հարցման` ՀՀ Ազգային Ժողովից ստացել է 7 պատասխան, որոնցից 6-ի դեպքում պատգամավորներ հստակ կողմ են ՄՄ–ին Հայաստանի անդամակցությանը: Ինչպես տեղեկացնում է գրասենյակի կայքը՝ այս շաբաթ հարցմանը պատասխանել են «Հանրապետական» խմբակցությունից` 2, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 3 եւ «Օրինաց Երկիր» խմբակցությունից 2 պատգամավոր: Պատգամավորներից 6-ը հստակ կողմ են արտահայտվել Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, եւ միայն Սամվել Նիկոյանն է նախընտրում Ասոցացման համաձայնագիրը, սակայն որոշիչ համարում է նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Կատարելով մինչ այս ստացված բոլոր պատասխանների ամփոփում. Մաքսային Միությանը անդամակցելուն կողմ են 16 պատգամավորներ, որոնցից 11-ը` «Հանրապետական» խմբակցությունից, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, 2-ը՝ «Օրինաց Երկիր» խմբակցությունից: Դեմ են արտահայտվել 4 պատգամավորներ՝ 2-ը՝ «Ժառանգություն», 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից: Դեմ արտահայտված պատգամավորներից է նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Ձեռնպահ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 2 պատգամավորներ՝ Վահան Բաբայանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Անորոշ պատասխաններ է տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
