Մնացիր հավերժ դիրքապահ՝ քեզ վստահված Մարտունի 3-ում…
ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ
Մնացիր հավերժ դիրքապահ՝ քեզ վստահված Մարտունի 3-ում…
…Դու էլ դարձար «Անմահների գնդի» մարտիկ, մեր ժպտացող հրետանավոր եղբայր: Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ՝ պատերազմի դաշտում արած այս լուսանկարը քեզ համար դարձավ վերջինը: Մարտական վերջին առաջադրանքից ընդամենը մի քանի օր առաջ քեզ ու մարտական ընկերներիդ համացանցում տեսան բոլորը: Իսկ «Արցախպրեսի» լուսանկարային ռեպորտաժի խորագիրն էր՝ «Ժպտացող հրետանավորները»: Դու միայն պետք է տեսնեիր, թե մարդիկ ինչպես էին գրում ու խոսում ձեր մասին...

Պատերազմի հերոսն ինձ համար քո ու մեր մյուս լուսավոր տղաների պատկերն ունի, որ չհասցրեցիք կյանքում ասել ձեր խոսքը: Իսկ դուք ծնվել էիք, որ 21-րդ դարը մե՛րը դարձնեիք, որովհետև ուրիշ էր ձեր տեսակը, ուրիշ էր ձեր ոգին ու հայրենիքի մասին ընկալումները: Ուրիշ էր իմ քեռու որդին՝ իմ շնորհաշատ, ժպտացող հրետանավոր եղբայրը՝ 19-ամյա Կոլյա Նիկողոսյանը, որ լույսի պես հայտնվեց մեր կյանքում ու լույսի պես էլ մնալու է մեր մեջ…
Ամիսներ անց՝ Երևանի «Թերլեմեզյան » ցուցասրահում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ բացվել էր լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարների ցուցահանդեսը, որի խորագիրն էր «Պատերազմի աչքերը»: Իսկ գլխավոր պաստառին քո այս լուսանկարն էր: Լուսանկարիչն ինքը բազմաթիվ հարցազրույցներում ասում էր.
-Մեր ցուցահանդեսի պաստառին Կոլյայի լուսանկարն է: Կոլյան հիմա չկա, բայց ամեն անգամ , երբ նայում եմ լուսանկարին, հույս է առաջանում, ինքը ժպտում է և այդ ժպիտը կարծես մնացել է…
Իսկ մենք քեզ ժպտալիս գրեթե չենք հիշում, քանի որ միշտ լուրջ էիր և շատերից էիր տարբերվում: Բայց դու ընկերներիդ հետ միասին ժպտացիր պատերազմի աչքերին ու անմահացար: Հետո մենք իմանալու էինք, թե ինչ ծանր մարտեր ես մղել ընդդեմ թշնամու: Կարողացել ես թափանցել թշնամու թիկունքը ու արդեն բռնազավթած տարածքից դուրս բերել զինտեխնիկան: Փոխարինելով վիրավոր ընկերոջդ՝ քո բաժին կռիվը մղել ես միաժամանակ երկու հրետանիով: Եվ երբ մայրդ՝ իմ սիրելի Նելլի քեռակինը ամեն զանգի ժամանակ հարցնում էր, թե ինչպե՞ս ես, հումորի զգացումը չկորցնելով՝ ասում էիր.
-Մամ ջան, իմ մասին մի մտածեք, ամեն ինչ լավ ա, ծիտ ենք խփում…Մեր զինակից ընկերների վրեժն ենք լուծում:
Հետո էլ ասում էիր.
-Երբ գամ, բոլոր քույրերիս համար 200 վարդեր եմ բերելու…
Երբեք չխոսեցիր պատերազմական իրավիճակից, որովհետև հավատարիմ էիր զինվորական երդմանը՝ պահպանել ռազմական գաղտնիքը:
Իսկ այսօր ՝ 2021 թ. հուլիսի 29-ին, պետք է զորացրվեիր: Բոլորի հետ պետք է վերադառնայիր, բերեիր մայրիկիդ ու քույրերիդ խոստացածդ վարդերը, և ծառայությունդ սպասումներով լի գեղեցիկ ավարտ ունենար… Չվերադարձաք: Մնացիք հավերժ դիրքապահներ: Անավարտ մնաց քո ու ծանոթ-անծանոթ հերոս ընկերներիդ թռիչքը…
Այսօր դու պետք է վերադառնայիր: Ուզում եմ, որ բոլորիդ մասին իմանան սերունդները: Իմանան ու իրավատերը լինեն ձեր փրկած Հողի: Իսկ Հողը միայն տարածք չէ, Հայրենիք է: Մեր հերոսների ու քո արյամբ փրկված այս վերջին բեկորը պետք է պահպանենք ու հզորացնենք, որ կարողանանք վերատիրանալ թշնամու կողմից բռնազավթված մեր Պատմական Հայրենիքի մնացյալ հատվածին: Սա ենք դարձնելու մեր ուխտը՝ մեր լինելիության իմաստը որպես ազգ: Իսկ դրան կհասնենք՝ մեր հերոսներին ճանաչելով, որոնցից մեկը դու ես, իմ ժպտացող հրետանավոր եղբայր: Ուզում եմ, որ քո կենսագրությունն էլ ներկայացվի, և մարդիկ իմանան նաև ժպտացող հրետանավոր Կոլյա Պարույրի Նիկողոսյանին:
Նա ծնվել է 2001 թ.-ի ապրիլի 4-ին՝ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում:
2007-2016 թթ. սովորել է Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է Երևանի N 14 երաժշտական դպրոցի կլառնետի բաժնում: 2016 թ.-ին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 2017 թ.-ին, ուսումը շարունակել է Երևանի N 8 արհեստագործական պետական ուսումնարանում՝ որպես ավտոմեխանիկ-փականագործ: Ուսումնարանը գերազանց ավարտելով՝ 2019 թ.-ի հուլիսի 29-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության՝ որպես հրետանավոր:
Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես բանիմաց ու կարգապահ զինվոր, վայելել ծառայակից ընկերների սերն ու հարգանքը: Զինվորական առօրյա ծառայության ու պարտականության կատարման ընթացքում դրսևորել է բարձր գիտելիքներ ու միշտ գտնվել է առաջամարտիկների շարքում՝ իր դրական հատկանիշներով օրինակ ծառայելով ընկերներին: Ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական առաջադրանքների կատարմանը՝ իրենց պատասխանատվության տակ գտնվող հատվածի մարտական հերթապահության գործողություններում:
Կոլյա Պարույրի Նիկողոսյանը իր հայրենիքի պաշտպանության գործում դրսևորել է անձնազոհ նվիրվածություն և ցուցաբերել է բարձր արդյունքներ՝ մարտական հերթապահությունում, որի համար պարգևատրվել է գերատեսչական պատվոգրով: Նվիրված լինելով իր զինվորական երդմանը՝ մասնակցել է 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած լայնամասշտաբ՝ 44-օրյա պատերազմին: Առաջին օրից՝ Արցախի Մարտունի 3 հատվածում կռվել է հերոսաբար՝ չզիջելով թշնամուն ոչ մի դիրք:
Կոլյա Պարույրի Նիկողսյանը 33 օր դիմադրելով թշնամուն՝ ընկել է հերոսաբար՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 31-ին: ԱԹՍ-ի հարվածից զոհվեց Կոլյա Նիկողոսյանը. իր հետ միասին անմահացան նաև ընկերները, որոնց կողքից երբեք չէր հեռանում, օգնում էր բոլորին, որ դժվարին ու պատասխանատու պահերին մենակ չլինեն մարտական առաջադրանքները կատարելիս: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հերոս հրետանավոր Կոլյա Նիկողոսյանը 2021 թ.-ի մարտի 2-ին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հերոս հրետանավորը հանգչում է հայրենի գյուղում՝ Ջրաշենում:
… Ջրաշեն գյուղում բացվել է հուշաքար Արցախյան 44 -օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված հուշաքար: Մենք բացակա չենք դնելու այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին, որ հարատևի Հայը ու շարունակի իրենց կիսատ թողած գործը. նրանց շարքում են՝ Արցախյան առաջին պատերազմում անմահացած Սարգիս Քոլոզյանի եղբայրը՝ Ժիրայր Ժորայի Քոլոզյանը, ենթասպա Ահարոն Անդրանիկի Մովսիսյանը և ժպտացող հրետանավոր Կոլյա Պարույրի Նիկողոսյանը:Արարատի Ջրաշեն գյուղի Սարգիս Քոլոզյանի անվան դպրոցում ի հիշատակ հերոսների՝ անվանակոչվել են դասասենյակներ…Այսպես է ամենուր: Եվ այս լուսավոր տղաների հայացքները սերունդների մշտական ուղեկիցն են լինելու…
Այսօր պետք է վերադառնար մեր հերոս հրետանավոր Կոլյան… Նա մնաց հավերժ դիրքապահ՝ Մարտունի 3-ում: Եվ այդ կարոտն ու սպասումն արդեն հավերժական է …
Հասմիկ Պողոսյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից
