«Մտածում էի` հանկարծ թշնամու գնդակը չհասնի մորս, ընտանիքիս ու կողքի պոստում սահմանը պահող եղբորս»
"Անհամար կրակոցների մեջ, միակ մտածմունքս մայրս էր, մտածում էի՝ հանկարծ թշնամու գնդակը չհասնի մորս, ընտանիքիս ու կողքի պոստում սահմանը պահող եղբորս",- այսպես սկսվեց Fnews.am-ի զրույցը քառօրյա պատերազմի մասնակից, կոչումով ավագ սերժանտ, "Քաջարի մարտիկ" պարգեւի արժանացած 24-ամյա Արգիշտ Շաքրիկյանը:
-Ես եւ եղբայրս միաժամանակ ենք մեկնել ծառայության, երկուսով ծառայության նշանակվեցինք Մատաղիսում: Երեք ամիս էր մնացել մեր զորացրվելուն, երբ սկսվեց քառօրյա պատերազմը:
Պատերազմի օրերին եղբայրս հակառակորդի դեմ կռիվ էր տալիս կողքի դիրքում:
Արգիշտը հիշում է."Պատերազմի սկսվելուց ժամեր առաջ, ամեն ինչ սովորականից խաղաղ էր. ոչ մի կրակոց, ոչ մի շարժ չէր նկատվում: Երբ տեղեկացրին, որ խոշոր հարձակում է սպասվում բոլոր դիրքերի ուղղությամբ, հրահանգ ստացանք, որ մենք եւս պատրաստվենք մարտի: Ըստ հրահանգի, անձնակազմին դուրս հանեցի, յուրաքանչյուրին տեղավորեցի իր դիրքում: Սակայն արդեն գիշերը` ժամը 4-ին հրաման ստացա, որ հակառակորդը պատրաստվում է լայնամասշտաբ ականանետեր կիրառել, եւ անհրաժեշտ է անձնակազմին տեղավորել թաքստոցներում: Վերջին զինվորիս էի տեղավորում, երբ սկսվեց հակառակորդի հարձակումը: Թշնամին անընդհատ փորձում էր մեզ շեղել իր ականներով, որպեսզի չկարողանանք դուրս գալ թաքստոցներից, եւ նրանք թափով առաջ գան: Բայց մենք դա թույլ չտվեցինք, կյանքի գնով պայքարում էինք մեր դիրքի համար: Ինձ համար թանկ ու կարեւոր էր առաջին հերթին իմ զինվորների կյանքը, իմ մասին ընդհանրապես չէի մտածում":