Նա փորձում է ինձ խոշտանգել եւ հարցաքննել
Հոկտեմբերի տասին կայանալիք <Եռյակ դաշինքի> այսպես կոչված հանրահավաքի վերաբերյալ մի շարք պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ հայտնել են իրենց տեսակետները: Իշխանական թեւի ներկայացուցիչներն, ի տարբերություն ամպագոռգոռ խոսքեր եւ հայհոյանքներ հնչեցնողների, բավական հանգիստ են վերաբերում միտինգի անցկացմանը, նշելով, որ ո՛չ առաջին, եւ ո՛չ էլ վերջին հանրահավաքն է, որից հետո հանրությունը հերթական հիասթափությունը կապրի: Սակայն ինքնասիրահարված որոշ բարգավաճողներ եւ տվյալ քաղաքական ուժի ջրերն ընկած, եւ վաղուց իրենց սպառած քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչներ չգիտես ինչու մի տեսակ վստահ են, որ հանրությունը ոչ իշխանականների հերթական կուտը սիրով է ուտելու:
Չնայած երիտասարդ ընդդիմադիրների լավատեսությանը, այնուամենայնիվ հետաքրքիր է, արդյո՞ք քաղաքական կաթսայում երկար տարիներ <եփված> ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը վստահ է, որ հոկտեմբերի տասին կայանալիք հանրահավաքը մարդաշատ կլինի: Fnews.am-ի հարցին ի պատասխան, պատգամավորը պատասխանեց. <Ի՞նչ մեկնաբանություն եք ուզում, ամիս տասին հանրահավաք է, ես անպայման կմասնակցեմ>: Ասելով եւ արագ նիստերի դահլիճ մտնելուն պես Գ. Ջհանգիրյանի կոլեգաներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ չեք պատասխանում լրագրողի հարցին, պատգամավորը կեսկատակ-կեսլուրջ ասաց. <Որովհետեւ նա փորձում է ինձ խոշտանգել եւ հարցաքննել>:
Սոսե Չանդոյան
