Նարեկ Սանոյանը՝ ըմբշամարտի բանակայինների աշխարհի արծաթե մեդալակիր
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում մեկնարկել է ազատ ոճի բանակային ըմբիշների աշխարհի 29-րդ առաջնությունը:
Մրցաշարի 1-ին օրը մեդալներ էին խաղարկվում տղամարդկանց 57, 61, 65 և 70 կգ քաշային կարգերում: Ստուգատեսին Հայաստանի ազատ ոճի 3 ըմբիշներ են մասնակցում, որոնցից երկուսն երեկ արդեն մրցագորգ ելան:
Հաջող հանդես եկավ 65 կգ քաշային Նարեկ Սանոյանը, ով վստահ ելույթների շնորհիվ հասավ եզրափակիչ ու միայն գլխավոր գոտեմարտում զիջելով մրցակցին՝ դարձավ բանակայինների աշխարհի փոխչեմպիոն և Հայաստանի ընտրանուն հաշվարկային 15 միավոր պարգևեց: Նարեկը վիճակահանության արդյունքներով 1/8-րդ փուլում ազատ էր, ուստի պայքարն սկսեց քառորդ եզրափակչից: Նա նախ 4 րոպե 32 վայրկյանում մաքուր հաղթանակ տոնեց ղազախստանցի Ազամատ Շաղափուլի նկատմամբ, ապա կիսաեզրափակչում էլ 4:1 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Ջամել Ջեկսոնին ու մտավ եզրափակիչ: Այսօր վաղ առավոտյան կայացած եզրափակչում Սանոյանն անզիջում ու համառ պայքարում 6:8 հաշվով զիջեց Ուկրաինայի պատվիրակ Եվգենի Խավիլովին և ստիպված եղավ բավարարվել արծաթե պարգևով, որը ևս մեծ նվաճում է երիտասարդ ըմբիշի համար: