Նավթի գներն աշխարհում կրկնակի նվազել են արդեն, բայց Հայաստանում...
Ժողովուրդ թերթը գրում է. Հայաստանում վաճառվող նավթամթերքի` մինչեւ երեկ գործող գները սահմանվել են այն ժամանակ, երբ նավթի մեկ բարելը միջազգային շուկայում արժեր 120 եւ ավել դոլար: Նավթի գներն աշխարհում կրկնակի նվազել են արդեն, բայց Հայաստանում բենզինը եւ դիզելային վառելիքը շարունակում էին նույն գնով վաճառվել: Իսկ երեկ, դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման արդյունքում, բենզինի մեկ լիտրի գինը թանկացավ 30-40 դրամով: Այս, թվում է թե, անլուծելի հանելուկի պատասխանը տվել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր հրապարակած վերլուծությունում. «Հայաստանը, իբրեւ էներգակիր ներմուծող երկիր, պիտի շահեր, քանզի պետք է հսկայական տնտեսումներ ունենար նավթի ու գազի գնումների ժամանակ: Բայց արի ու տես, որ նախ՝ ՌԴ-ից ներմուծվող մեր գազի գինը կապ չունի նավթի գնի հետ (ինչպես, օրինակ, ԵՄ երկրների համար է նախատեսված), եւ մեր նավթամթերքներ ներմուծող Ռոսնեֆտ-Արմենիան մենաշնորհ ունի»,- գրել է նախկին վարչապետը:
