Նախարարը ստո՞ւմ է
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ առաջարկող նախագիծը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «հղիների նպաստ» անունով, եկող շաբաթ՝ նոյեմբերի 4-ին, կքննարկվի Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Սա նշանակում է, որ արդեն նոյեմբերի 4-10-ի քառօրյայում նախագիծը՝ կից փաթեթով, կներկայացվի ԱԺ լիագումար նիստում: Հիմնական զեկուցողը և՛ հանձնաժողովում, և՛ նիստերի դահլիճում լինելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով օրերս Ազգային ժողովում լրագրողներին ասել էր, թե ուզում են «քննարկումների միջոցով դուրս գալ այնպիսի լուծումների վրա, որոնք չեն ոտնահարի իսկապես աշխատող կանանց իրավունքները»:
Ու թեպետ նախարարը լրագրողներին հավաստիացրել էր, թե հանձնաժողով են ուղարկելու բոլոր կողմերին բավարարող մի տարբերակ, արդեն հայտնի է, որ այդ նախագիծը գոհացնելու է ոչ բոլոր կողմերին: Մասնավորապես, ԱԺ ուղարկած և սոցիալական հանձնաժողովի էջում տեղադրված նախագծից պարզ է դառնում, որ կառավարությունը նորից առաջարկում է հղի կանանց տրվող անաշխատունակության նպաստի տարբերակված գումար՝ աշխատավարձի 40%-ի, 60-ի և 80%-ի չափով՝ կախված նրանից, թե որքան աշխատանքային ստաժ ունի հղի կինը: Մինչդեռ կառավարության դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ կազմակերպող հղի կանայք պահանջում էին, որ պահպանվի նպաստի՝ այսօր գործող օրենքով սահմանված չափը, այն է՝ նախածննդյան և հետծննդյան արձակուդի շրջանում կինը պետք է վարձատրվի իր աշխատավարձի 100 %-ի չափով:
