Նախորդ տարվա պետբյուջեի կատարողականը հաստատվեց. կողմ էր միայն ՀՀԿ-ն
Ազգային ժողովը 66 «կողմ», 17 «դեմ», 15 «ձեռնպահ» ձայներով հաստատեց Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Ինչպեսև նախօրեին հայտարարել էին խմբակցությունները, հաշվետվությանը կողմ էր միայն ՀՀԿ-ն:
Կառավարության ներկայացրած հաշվետվությանը դեմ քվեարկեցին ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և «Հայ ազգային կոնգրես»-ը, ինչպես նաև 2-ական պատգամավորներ ձեռնպահ քվեարկելու մասին նախապես հայտարարած «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցություններից:
2014թ.-ի պետբյուջեի կատարողականի մասին հաստատված հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է 1 տրիլիոն 144 մլրդ 762 մլն 734.9 հազար դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 235 մլրդ 53 մլն 437.5 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 90 մլրդ 290 մլն 702.6 հազար դրամ:
2014թ.-ին կանխատեսված 5.2% տնտեսական աճի փոխարեն արձանագրվել է 3.4%՝ պայմանավորված արտաքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղմամբ, փոխարժեքի արժեզրկմամբ, Ռուսաստանից փոխանցվող դրամական միջոցների կրճատման արդյունքում տնօրինվող եկամտի աճի դանդաղման ազդեցությամբ:
2014 թ.-ին նախորդ տարվա նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի իրական արտահայտությամբ 3.4%-աճ: Ընդ որում՝ տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերը՝ համապատասխանաբար 2.2 և 1.5 տոկոսային կետով, իսկ շինարարությունը 0.4 տոկոսային կետով բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա:
