Նայում են, բայց սակավներն են «տեսնում». Միության ամեն մի անդամ ինքն է քաղաքական դիրքորոշում արտահայտում
Ստեղծագործական միությունների դերի, նշանակության վերաբերյալ քննարկումները շարունակում են մնալ հրատապ հատկապես որեւէ միությունում տեղի ունեցող հերթական սկանդալից հետո: Տվյալ դեպքում նման իրավիճակ է կոմպոզիտորների միությունում: Զրուցելով դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ` նախ ցանկացանք իմանալ նրա կարծիքը, մասնավորապես, գրողների միության մասին։
- Քանի որ Հայաստանում արհմիությունները չկան, եւ ոչ մեկը պաշտպանված չէ իր աշխատանքային եղած կամ չեղած ստաժով, իրավունքներով, ստեղծագործական միություններն այդ բեռը վերցրել են իրենց վրա, իրենք են յուրատեսակ արհմիության գործառնությունն իրականացնում։ Լեւոն Անանյանի օրոք մեր միության տարեց անդամները դրամական օգնություն են ստացել, հոբելյանից մինչեւ ամենատխուր առիթը, բոլորի կողքին կանգնած է եղել միությունը։ ՀԳՄ-ն ունի տպագիր մամուլ՝ «Նորք» , «Արտասահմանյան գրականություն » , «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրերը, «Ցոլքեր» , «Գրեթերթ» «Գրական թերթ»: Հաճախ մյուս ստեղծագործական միությունների անդամներն իրենց մասնագիտական հոդվածները տպագրում են ՀԳՄ-ի թերթում կամ ամսագրում... Երբ լսում եմ` «միությունը գրական պրոցեսը չի ղեկավարում», ուզում եմ ժպտալ, որովհետեւ չեմ հասկանում` ինչը եւ ինչպես ղեկավարել: Այլ բան է, որ միության ներսում ճիշտ պիտի աշխատի գնահատման սկզբունքը, այստեղ է, որ մտորելու անհրաժեշտություն կա։ -Հաճախ գրողների միությանը մեղադրում են այն բանում, որ կարեւոր հարցերում տեսակետ չի հայտնում: - Գրողների միության մոտ 400 անդամների թվում կան եւ ՀՅԴ, եւ ՀՀԿ, եւ ՀԱԿ, եւ «ժառանգություն», եւ ԲՀԿ… (էլ չշարունակեմ) համակիրներ եւ պարզապես ոչ մեկի չհամակրողներ: Հիմա Դուք ասեք` հնարավո՞ր է թեկուզ կարևոր հարցերում բոլորի միասնական կարծիքը… Դրա համար էլ միության ամեն մի անդամ ինքն է քաղաքական դիրքորոշում արտահայտում լռությամբ կամ «շատախոսությամբ»:
Կարդացածդ վերջին գիրքը ո՞րն է
-Դուք նաեւ «Գրական թերթի» խմբագիրն եք, եւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե որքան դժվար է գրողների հետ աշխատելը։ -Ի դեպ, երկրորդ անգամ եմ վերադարձել Լեւոն Անանյանի համառ պնդումներից հետո: Նրա հերթական հեռախոսազանգից հետո մայրս անսպասելի ասաց` թե ուզում ես երջանիկ լինեմ, գնա «Գրական թերթ»… «ԳԹ»-ն ՀԳՄ պաշտոնաթերթն է, այսինքն` բոլոր գրողներինը: Բայց… մի հարցազրույցում ասել եմ ու նորից կրկնեմ՝ գրող կա, ում գործերը պետք է տպել թեկուզ ամիսը մեկ անգամ, իսկ մյուսը պիտի տարին մեկ անգամ տպագրվի եւ դրանից ավելին չպահանջի։ Իհարկե, ավելի հեշտ է «լցնել» էջերն ու հանգիստ ապրել, բայց գոնե ինչ-ինչ չափանիշներ պիտի պահպանվեն, որպեսզի «Գրական թերթի» նկատմամբ ընթերցողը հարգանք տածի։ Եվ ամենակարեւորը, կարծում եմ, որ «Գրական թերթի» գոնե երկու էջերում պիտի լինի իր երկրի, իր քաղաքի կյանքով ապրող գրողի խոսքը, քաղաքացի գրողի խոսքը։ -Այսօրվա դեպքերը, անցքերը դժվար թե հենց այսօր կամ վաղն արտացոլվեն գրականության մեջ. դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Իսկ ընդհանրապես անկախության շրջանի գրականությունն ինչպե՞ս կբնորոշեք: -Քանի որ փոքրիշատե ծանոթ եմ այսօր ստեղծվող մեր գրականությանը, ամեն անգամ ցավով եմ լսում, երբ ինչ-որ մի դեղնակտուց հայտարարում է, որ այսօր գրականություն չկա։ Բայց երբ լուրջ անձնավորություն է այդպես արտահայտվում էկրանից կամ մամուլում, ուզում եմ նայել նրա աչքերին ու հարցնել` կարդացածդ վերջին գիրքը ո՞րն է: Հավատացեք, անկախության տարիներին շատ հետաքրքիր գրականություն է ստեղծվել, եւ ամենակարեւորը` գրականության տիրությում ամրագրվել են ժամանակը, մարդը, հերոսը եւ անտի հերոսը: Մեզանում, ցավոք, չիմացող, բայց իմացողի տեսքով խոսելու ախտանիշը դարձել է գերիշխող: Տարբեր երկրների դրամատուրգների հետ եմ կապված, փոխանակում ենք պիեսներ, եւ երբեմն այնպիսի պիեսներ են ուղարկում որպես լավագույն, որ… կներեք: Պարզապես մեր շատ ռեժիսորներ, չգիտեմ ինչու, նախընտրում են բուլվարայինը, իջել են այդ մակարդակին ու զուտ «տոմսարկղի վրա» են աշխատում։ Իսկ եթե ուզենային աշխատել մտքի վրա, հավատացեք, մենք ունենք այդ նյութը, հումքը, գրականությունը, ասելիքը: -Կնշեի՞ք անուններ: - Գուրգեն Խանջյան, Սամվել Խալաթյան, Նորայր Ադալյան, Ալեքսանդր Թոփչյան, Սարգիս Հովսեփյան... Ով ուզում է տեսնել` կտեսնի, ցավոք, հիմնականում «նայում» են, բայց սակավներն են «տեսնում»: -Իսկ ո՞ր ռեժիսորն է Ձեր ասելիքը, Ձեր ցանկացածը հասկացել ու հասցրել հանդիսատեսին: -Հիմնականում բախտս բերել է, համագործակցությունը ռեժիսորի հետ ստացվել է: Հոկտեմբերի 4-ին Ուլյանովսկում պրեմիերա էր. Հակոբ Ղազանչյանն այնտեղ բեմադրել է «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսը, հրավեր էի ստացել, բայց չկարողացա գնալ: Հակոբի հետ «Բեմական խաչմերուկներ» ծրագրով հինգ բեմադրություն ենք իրականացրել, եւ ամեն անգամ ինձ հիացրել է նրա աշխատանքը դրամատուրգի հետ: Չեռնիգովում «Վերադառնում եմ, մոռացեք» պիեսն էր բեմադրվում (ապրիլին պրեմիերան եղել է), կես տարի շարունակ էլեկտրոնային փոստով ռեժիսոր Անդրեյ Բակիրովի հետ «աշխատում էինք», նա կարող էր նույնիսկ գրել «այս պարբերությունը կարո՞ղ եմ այսպես մեկնաբանել, կամ՝ խնդրում եմ` այս պարբերության ձեր մեկնաբանությունը»: Երաժշտությունն էր ուղարկում, տեսաշարքը... Երբ ռեժիսորը հարգում է դրամատուրգի գրածը, բնականաբար, փոխադարձ հարգանք է առաջանում, եւ ստեղծվում է առնվազն հետաքրքիր գործ: Արթուր Սահակյանի հետ երկու հրաշալի գործ եմ արել ` մոնոներկայացումներ: Գյումրիում Նիկոլայ Ծատուրյանը բեմադրեց «Ինչպես կինը փախավ տնից», որը դիպուկ բնութագրվեց որպես «մայրաքաղաքային ներկայացում»… Չմոռանամ երիտասարդներին, ովքեր հաճախ կուրսային, դիպլոմային աշխատանքներ են բեմադրում, եւ սա միակ դեպքն է, որ եթե պիեսս «ոտուգլուխ» խառնում են, չեմ դժգոհում: Ինձ համար շատ կարեւոր է, թե երիտասարդներն ինչպես են ընկալում, ինչպես են ընդունում իմ գործը:
Պիեսում իմ Էրզումն է, իմ… ամեն ինչը
-Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է մոտենում: Դուք ունե՞ք համապատասխան պիես: -2-3 ամսվա ընթացքում գրել եմ «Մեկ ժամ հիշողություն» պիեսը, բայց այն «գրվում» էր շատ վաղուց: Իմ համոզմամբ, 100 տարի անց Ցեղասպանության մասին գրել պաթոսով կամ որպես հրապարակախոսություն` անցած փուլ է: Պիտի գնաս հոգու ու ներքին դրամայի «դաշտ»: Ես չեմ խոսում միլիոնների անունից, մի ընտանիքի պատմություն է: Պիեսում իմ Էրզրումն է, իմ… ամեն ինչը, որ կոչվում է հիշողություն: Փորձել եմ ցույց տալ, թե մարդու, գերդաստանի ինչ տեսակ են վերացրել: Չկա արյան տեսարան, մորթվող ու բռնաբարվող, թվում է` հանդարտ ընթացող պատմություն է, բայց այդ հանդարտության մեջ է տասնապատկվում ողբերգությունը: Ասեմ, որ պիեսն արդեն բեմադրման հայտ է ստացել… -Այժմ խոսենք ավելի պրոզայիկ բաներից: Չե՞ք փորձել սերիալի սցենար գրել: -Արդեն փորձել եմ: 16 սերիայից է բաղկացած, «Շտապ օգնություն», Միկա Դովլաթյանն է ռեժիսորը: Դեկտեմբերին մեկ ամիս ցուցադրվելու է, սպասենք հեռուստադիտողի կարծիքին: Միայն ասեմ, որ «ներքին ուղերձը» սա է` ահա մեր օրերի իրական հերոսներից մեկը: Եթե անգամ հիմա ջիպավորի ժամանակն է, վաղը նա չի լինի, որովհետեւ վաղվա օրը Դավիթ անունով բժշկինն է:
Հարցազրույցը` Ռուսլան ԹԱԹՈՅԱՆԻ
ՀԳ. Ի դեպ, «Մեկ ժամ հիշողություն» պիեսը 2013 թ. «Հայը 21–րդ դարասկզբին» գրական մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել «Դրամատուրգիա» անվանակարգում:
