Նազելի Վարդանյան. Հերքում չպետք է տամ
ՀՀ վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի բողոքն ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության։ Panorama.am-ի հետ զրույցում իրավաբանն ասաց, որ որոշումը դեռ չի ստացել, ոչ էլ ծանուցված է եղել դատական նիստի մասին։
«Իմ բողոքը մասնակի բավարավել է։ Բողոքել էի՝ անվավեր ճանաչվի Առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն ես պետք է հերքում տայի ու 100 հազար գումար վճարեի։ Վերաքննիչում որոշվել է, որ հերքում չպետք է տամ, գումարային վճարումներ կան և իմ, և իրենց կողմից»,- ասաց նա։
Ամիսներ առաջ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր «Լիդիանի» հայցադիմումն ընդդեմ Նազելի Վարդանյանի` հրապարակային քննարկման ընթացքում վերջինիս կողմից ընկերության հասցեին հնչեցված հայտարարությունները, այդ թվում կոռուպցիայի մեջ մեղադրանքները համարելով զրպարտություն: Նազելի Վարդանյանը Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, որ Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն, բնապահպան-իրավաբանն ասաց, որ նա խոսում է մի բանի մասին, որից տեղյակ չէ, ինչը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։
Նշենք՝ նախարարը մասնավորապես ասել էր. «Ես չեմ տեսել իր բնապահպանական վնասների վերաբերյալ մանրամասն հաշվետվություն և չեմ կարդացել դա: Այսինքն՝ ես մի կողմից՝ գիտեմ օգուտները, բայց մյուս կողմից՝ վնասները:
Այս վերջերս առիթ եղավ, տեսաք, Սոթքի հանքի հետ կապված ինչ աղմուկ բարձրացավ, այսինքն՝ մենք Հայաստանի 4-րդ հարկատուին կորցնելիս, կարելի է ասել, վայնասուն ենք բարձացնում, կամ, ասենք, շատ ցավոտ ենք ընդունում, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում բացվի: Որովհետև Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»:
«Նորանշանակ նախարարն ասաց, որ էկոլոգիական վնասների մասին չգիտեն, օգուտների մասին գիտեն։ Փաստորեն, օգուտների մասին էլ չգիտի, քանի որ այդ օգուտները, վնասները որևէ մեկը չի գնահատել։
մանրամասն՝այստեղ:
