Ներդրողների 52%-ի համար Ռուսաստանը թիվ մեկ սպառնալիքն է
ԱԺ-ում ՀՀ` ԵՏՄ անդամակցության հարցի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, չնայած իշխանության պնդումներին, թե ԵՏՄ-ն քաղաքական միություն չէ, այլ զուտ տնտեսական, նշեց, թե իր կասկածները չեն փարատվում և զարգացումները ցույց են տալիս, որ պրոբլեմներ կան:
Արզումանյանն օրինակ բերեց, ըստ որի՝ միջազգային խոշորագույն ներդրողների շրջանում անցկացված հարցման համաձայն ներդրողների 52%-ը Ռուսաստանը համարում է համաշխարհային ֆինանսական շուկաների թիվ 1 սպառնալիքը, այն դեպքում, երբ «Իսլամական պետությունը» սպառնալիք են համարում 26%-ը: Նա հարցրեց, թե այս պայմաններում ինչպե՞ս են պատկերացնում, որ Հայաստանում ներդրումները կավելանան:
Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշեց, որ չի կարծում, որ Հայաստանը՝ ԵՏՄ-ին միանալով որոշակի սահմանափակումներ է ունենալու:
«Ընդամենը հնարավորություններ է ստանում, ավելի լայն հնարավորություններ, քան այսօր կան»,-ասաց նա և հավելեց, որ լրացուցիչ որևէ սահմանափակում կամ պարտավորվածություն Հայաստանը չի ստանձնում:
