Նիկոլ Փաշինյանն անցել է կոնկրետ գործողությունների.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ հայրենի քաղաքական դաշտում ընդդիմադիր լինելու մրցավազքը կշարունակվի, կքննարկեն, թե երբ, ինչպես պետք է իշխանափոխություն անել, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անցել է կոնկրետ գործողությունների: Նա համացանցում հայտարարել է, որ մինչեւ հաջորդ քառօրյա` դեկտեմբերի 1-ը, հանդես կգա Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու՝ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: «Հուսով եմ՝ նախագիծը կստանա անհրաժեշտ թվով (44) պատգամավորների աջակցություն՝ արտահերթ կարգով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու համար»,- նշել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը տալիս է նման հնարավորություն. «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»: Սակայն պաշտոնանկության գործընթաց սկսելու համար ԱԺ-ն պետք է դիմի եւ ստանա ՀՀ ՍԴ եզրակացությունը: Իսկ արդեն ՍԴ-ի դրական եզրակացության հիման վրա նախագահը կարող է պաշտոնանկ արվել ԱԺ պատգամավորների երկու երրորդի կողմ քվեարկությամբ: Անշուշտ, հասկանալի է, որ ԱԺ իշխանական մեծամասնությունը թույլ չի տա, որ ԱԺ-ն նման որոշում կայացնի: Սակայն Փաշինյանի այդ քայլը կդառնա յուրօրինակ «լակմուսի թուղթ»՝ հասկանալու, թե ոչ իշխանականները որքանով են անկեղծ, երբ ասում են, որ իրենք ցանկանում են հասնել համակարգային փոփոխության, իշխանափոխության:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
