Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է՝ ինչպես է զարգանալու Հայաստանի տնտեսությունը (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով ներկայացնում է Հայաստանի տնտեսական ռազմավարության դրույթները: ՀՀ վարչապետն, իր էջում ուղիղ եթերի մասին ծանուցելով, նշել էր. «Եթե հիշում եք, օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ և կներկայացնեմ առաջիկայում: Այսօր ժամը 20.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ: Իսկ ստորեւ բերված պատկերը ձեռքի տակ ունենանք՝ որպես աշխատանքային թուղթ»:
Նիկոլ Փաշինյանի կողմից «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված պատկերը վերնագրված է «ՀՀ տնտեսական առաջընթացի կառուցվածքը»:
Վարչապետը կետ առ կետ անդրադառնում է այդ դրույթներին, պարզաբանում դրանք: Խոսցվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, ադամանդագործության, արտադրական ոլորտի, բուհական համակարգի առաջընթաց զարգացումների մասին, որոնք նպաստելու են ՀՀ տնտեսության զարգացմանը: Խոսելով բուհական կրթության մասին, Ն. Փաշինյանը նշեց, որ բուհերն ունեն մեծ խնդիր՝ դիմորդի եւ ուսանողի, ըստ էության՝ բոլոր դիմողներն ընդունվում են հիմա բուհեր, բացառությամբ՝ բժշկական համալսարանի: «Հայաստանում պետք է առաջնային դիրքերում լինի որակյալ կրթությունը: Օրինակ, գյուղատնտեսական համակարգում կան ՊՈԱԿ-ներ, որոնք գիտական գործառույթներ էլ են իրականացնում, պետությունը ստեղծել է ՊՈԱԿ եւ ֆինանսավորում է որոշակի գիտական միջավայր, բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչու՞ այդ ամենը չի ներառվում ագրարային համալսարանի կազմում՝ պրակտիկ հնարավորություններ ստեղծելու համար: Սա նշանակում է, պետք է անել քայլեր՝ ուսանողին աշխատանքով ապահովելու եւ պրակտիկ գիտելիքներ տալու համար»: Նույնը, ըստ վարչապետի, վերաբերվում է նաեւ գիտության ոլորտին:
