Նոր մանրամասներ Ան-148 ինքնաթիռում զոհված մեր հայրենակցուհու մասին
Մերձմոսկվայում կործանված Ան-148 ինքնաթիռում զոհված Վարսիկ Սեւոյանի «մարմինը դեռ չեն ճանաչել, ԴՆԹ հետազոտության արդյունքները պարզ կլինեն մի երկու շաբաթից, համենայնդեպս այդպես են տեղեկացրել եղբորս»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց օրեր առաջ կործանված ինքնաթիռի պատճառով զոհված մեր հայրենակցուհու` Վարսիկ Սեւոյանի տեգրը` Իշխանը, ով Զոլաքար գյուղում է եւ սպասում է, թե երբ Հայաստան կտեղափոխեն հարսի մարմինը:
«Անպայման Հայաստանում ենք հուղարկավորելու մեր հարսին: Մեզ մնում է սպասենք, թե երբ կհանձնեն մեզ Վարսիկի մարմինը: Ասել են` կարող ա երկու շաբաթ տեւի, կարողա մեկ ամիս, մինչեւ ԴՆԹ անալիզների պատասխանը չլինի չեն տա մեր հարսի մարմինը մեզ»,- հուզմունքը զսպելով հավելեց մեր զրուցակիցը:
Ավելի վաղ հայտնել էին, որ ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝ Սևոյան Վարսիկ, ով Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքից էր:
Մերձմոսկվայում վթարված Ան-148 ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Միևնույն ժամանակ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ դիտարկվում են վթարի տարբեր վարկածներ, որոնց թվում նաև եղանակային պայմաններն ու մարդկային սխալը: Նախնական տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել:
Իսկ РИА Новости-ի հաղորդմամբ՝ Ան-148 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայի փորձաքննությունների բյուրոյում: Զոհվածների հոգեհանգստի արարողությունները կանցկացվեն Օրսկի թեմի բոլոր եկեղեցիներում 40 օրվա ընթացքում:
