Նոր մանրամասներ երեկ կատարված սպանության գործից
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում երեք անձի սպանության դեպքի առթիվ, օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ։
2015 թվականի նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, ևս մեկ տղամարդու դիակ հայտնաբերվել է Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացածների ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կոտայքի մարզի բնակիչներ, եղբայրներ Վարդան և Վահե Գալստյանները, վերջիններիս ընկեր Արմեն Հովհաննիսյանը։
Դեպքի առթիվ նոյեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։ Նույն օրը որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին։
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համագործակցված աշխատանքների արդյունքում պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը և այն ավտոմեքենան, որը դեպքի ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձի կողմից օգտագործվել է որպես փոխադրամիջոց։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին