Նոր մանրամասներ Ջրառատի կրակոցներից, տուժածներից մեկն անչափահաս է
Քիչ առաջ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն տարածեց, որ այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Մեր տեղեկություններով՝ միջադեպը մարտի 12-ին տեղի ունեցածի շարունակությունն է, որի արդյունքում դաշինքից տուժածներ կան։ Երեք հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որոնցից մեկը՝ անչափահաս, վերջինը կոտրվածքներ ունի։ Տուժածներից մեկը թե հրազենային վնասվածք ունի, թե դանակի կտրվածքներ, երրորդն էլ գլխի շրջանում կոտրվածքներ է ստացել։
Նախնական վարկածով՝ հարձակման կազմակերպիչները կրկին Ոստիկանության պետի տեղակալ Լյովա Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանն են ու Ջրառատի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը, որը Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է։ ՕՐՕ դաշինքի անդամ Էլինար Վարդանյանը քիչ առաջ մեզ փոխանցեց, որ շտապում է Էրեբունի հիվանդանոց եւ դեպքի մանրամասներին չի տիրապետում․«Այո, երեք վիրավոր են տեղափոխել հիվանդանոց, հիմա գնում ենք իրենց մոտ», - հաստատեց նա։ Առավոտյան Վարդանյանը եւ դաշինքի այլ անդամներ հանդիպել են Ջրառատի իրենց ակտիվի հետ, քննարկել օրեր առաջ կատարվածի իրավական լուծման ճանապարհները, վերադարձել են Երեւան ու տեղեկացել դեպքի մասին։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին երեկոյան ՕՐՕ դաշինքը հայտարարություն էր տարածել. «Այսօր կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում առավոտյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերեւս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին»:
