Նոր Նորքի ոստիկանները հերթական անգամ վնասազերծեցին բնակարանագողերին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հայտնաբերել և վնասազերծել են հերթական բնակարանագողերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի 9-րդ զանգվածի 25 շենքի բնակիչ, 33-ամյա Աբրահամ Ստեփանի Հովեյանը, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 3ա շենքի բնակիչ, 37-ամյա Սուրեն Յուրայի Գրիգորյանը և Ավան Աճառյան փողոցի 20 /3 շենքի բնակիչ, 26-ամյա Մայիս Արթուրի Հայրապետյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եռյակը, երբ վնասազերծվել է Նոր Նորքի ոստիկանների կողմից, նրանց մոտ հայտնաբերվել է 13 հատ դռան փական բացելու համար նախատեսված ինքնաշեն հարմարեցված (ատմեչկա) բանալիներ, 10 հատ բնակարանների բանալիներ, 1 հատ գաղտնի փականով դանակ:
Պարզվել է, որ եռյակը մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում կատարել է 1 տասնյակից ավելի բնակարանային գողություններ և 1 բնակարանի կողոպուտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև բնակարաններից գողացված իրեր, իսկ եռյակի անդամները նախկինում եղել են դատապարտված:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Եռյակը ձերբակալված է, և ոստիկաններն ու քննիչները ունեն լուրջ կասկածներ, որ եռյակի կատարած բնակարանային գողությունների թիվը հնարավոր է ավելանա:
