Նոր թանկացում. Շաքարավազը կարող է թանկանալ ԵՏՄ-ի պահանջով
Փաստինֆոն գրում է.
Շաքարի, մասնավորապես` սպիտակ շաքարի ներմուծումը Հայաստան կսահմանափակվի: Նման որոշման նախագիծ է ներկայացված կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Ըստ դրա՝ նման սահմանափակում է նախատեսված ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրով, որի համաձայն՝ առաջիկա երկու տարվա ընթացքում «սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով»:
Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած պաշտոնական տվյալների՝ Հայաստանը միայն 2013թ. 74 781 տոննա շաքարի հումք է ներմուծել և շուրջ 5000 տոննա շաքար ու շաքարավազ:
Ընդ որում, հիմնական ներկրումները եղել են Բրազիլիայից, Գերմանիայից:
Այս որոշման արդյունքում, փաստորեն, ՀՀ ներկրողները ստիպված կլինեն փոխել իրենց արտասահմանյան գործընկերներին և նոր գործարար կապեր հաստատել ԵՏՄ տարածքում:
Թերևս ավելորդ չի հիշել, որ դեռևս 5 տարի առաջ, երբ վերագործարկվեց Ախուրյանի շաքարի գործարանը, նախատեսվում էր, որ այն այսօր արդեն պետք է արտադրեր օրական 800 տոննա սպիտակ շաքար, այն դեպքում, երբ ՀՀ ներքին շուկայի պահանջարկը 90 տոննա է:
Կառավարության այս որոշման նախագիծը, փաստորեն, հերթական ապացույցն է այն բանի, որ շաքարի գործարանն այդպես էլ չարդարացրեց հայ սպառողների սպասումները: Գործարանն արդեն 5 տարի աշխատում է, մինչդեռ մենք շարունակում ենք արտերկրից հումք ու շաքար ներկրել:
մանրամասները` սկզբնաղբյուրում
