Նոր տնօրեն-նոր մոտեցումներ
Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության ընթացքում ականատես ենք լինում մի օրինաչափության, երբ ցանկացած փոփոխությունից հետո մասայաբար արտասանում ենք <<Էլ բեթարից ազատի>>: Սակայն Հայաստանի Էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ ու ղեկավարության վերջին փոփոխությունը կարծես թե դուրս է մնում ընդունված պատկերացման սահմաններից: Դատողությունս հիմնվում է հետևյալ փաստերի վրա.
Մասիսի քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը աճուրդային եղանակով քաղաքացի Վիգեն Առաքելյանին է իրացրել Մասիս քաղաքի Նոր թաղամասի 32 և 35 շենքերի բակի խաղահրապարակի մի մասը, որով անցնում են նաև նշված շենքի էլեկտասնուցումն ապահովող ստորգետնյա և վերգետնյա մալուխները, ինչպես նաև <<Արմենթել>> ընկերությանը պատկանող մալուխները:
Մասիս քաղաքի, Նոր թաղամասի 32 և 35 շենքերի բնակիչները 2013 թվականին հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Մասիսի քաղաքապետի` աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով: Նշված վարչական գործի շրջանակներում <<ՀԷՑ>> ընկերության նոր ղեկավարությունն, ի դեմս գլխավոր տնօրեն` Կարեն Հարությունյանի, գլխավոր տնօրենի տեղակալ-անվտանգության և վերահսկողության տնօրեն՝ Կարեն Հայրապետյանը հաշվի են առել բնակիչների օրինական շահերը, և ի տարբերություն <<Արմենթել>> ընկերության, բնակիչների փաստաբան` Արմեն Ռազմիկի Օհանյանի դիմումին ի պատասխան, հայտնել են դիրքորոշում այն մասին, որ վիճելի հողամասում չեն թույլատրելու իրականացնել որևէ շինարարական աշխատանքներ, քանի որ դրանով կխախտվի, թե բնակիչների, թե ՀԷՑ-ի օրինական շահերն ու իրավունքները:
Վերը նշված իրադարձությունները հույս են ներշնչում, որ ՀՀ մյուս խոշոր ընկերություններում ևս կարող են լինել դրական փոփոխություններ, ինչի արդյունքում բարեխիղճ և խելացի մարդիկ կհայտնվեն ղեկավար պաշտոններում:
Արմեն Օհանյան
