Նոր ուժ է խմորվում. ովքեր են նրանք
Հրապարակ» թերթը գրում է. «Մտավորականների, փաստաբանների, քաղաքագետների մի խումբ վերջին շրջանում պարբերաբար հանդիպում-քննարկումներ է հրավիրում։
«Տեղի են ունենում քննարկումներ, տեսնենք, թե վերջնական ինչ որոշման կհանգենք։ Չեմ կարծում, թե դա լինի հասարակական կազմակերպության ձեւաչափով։ Հանդիպումներ ենք ունենում սոցիալական տարբեր շերտեր ներկայացնող ինտելեկտուալ, Հայաստանի ապագայի մասին ուրույն պատկերացում ունեցող, տեղի ունեցող գործընթացների նկատմամբ ոչ անտարբեր անձանց հետ»,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Ովքե՞ր են այդ ինտելեկտուալները, հանդիպումների ընթացքում ի՞նչ խնդիրներ են արծարծում։
Նորայր Նորիկյանը խուսափեց կոնկրետ որեւէ բան հայտնելուց, ասաց, որ քննարկումներ են ընթանում։ Նա խուսափեց նաեւ անուններ նշելուց։ Ըստ Նորիկյանի՝ առայժմ չկա նաեւ լիդեր, չունեն համակարգող խորհուրդ։
«Երբ բյուրեղացնենք, հստակեցնենք բոլոր ռազմավարական ուղղությունները, որոնք մեզ համար առաջնային են, բնականաբար, ուղերձ կհղենք ՀՀ քաղաքացիներին եւ կտեղեկացնենք բոլոր այն քայլերի մասին, որոնց շուրջ պատրաստ ենք համախմբվել։ Այս պահին ամեն ինչ խմորվում է դեռ»,- ասաց նա։
Նորիկյանն, իհարկե, չբացառեց, որ կարող է ստեղծվել առանձին կուսակցություն։ Փաստաբանը նշեց․ «Մենք հավաքվում, ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին տալիս ենք գնահատականներ, արտահայտում ենք մեր դիրքորոշումը ՀՀ-ում առկա մարտահրավերների մասին։ Մենք փորձում ենք գնահատել Հայաստանի ազգային անվտանգության համակարգը, հնարավոր ռիսկերը, արտաքին ռազմական ագրեսիայի հնարավորությունը, Արցախի հակամարտության կարգավորման մոդելները։
Ուզում ենք հասկանալ մեր երկրի պոտենցիալը, հնարավորությունները այդ մարտահրավերները լուծելու համար։ Ուզում ենք հասկանալ, թե համախմբվելու դեպքում կարո՞ղ ենք որոշումների կայացման վրա ունենալ ազդեցություն։ Եթե այո, ապա ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։ Եվ եթե քայլ անենք, ապա դրա մասին հանրությանը կիրազեկենք ճիշտ ժամանակին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում