Նպաստների 94%-ը չէր հասնում գործազուրկներին. վարչապետ
Հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացման արդյունքում 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգա: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով 2014-ի պետբյուջեն: Վարչապետի խոսքով` այսուհետ սոցիալական քաղաքականությունն ուղղված է լինելու սոցիալական խնդիրներ ծնող պատճառների վերացմանը, անապահով ընտանիքների աջակցությանը:
Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ գործազուրկներին 18 հազար դրամից զրկելու որոշմանը: «Նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ: Այդ գումարի 94%-ը չէր հասնում այն մարդուն, ով աշխատանք էր փնտրում: Սա մեր երկրի համար արդյունավետ չէ, շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն: Աղքատ երկրների համար այս համակարգը չի կարող արդյունավետ լինել եւ չի կարող նպաստել սոցիալական խնդիրների լուծմանն ու աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց նա եւ հավելեց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է հետեւողականորեն աշխատավարձեր բարձրացնելու քաղաքականությունը:
