Նյու Յորքի համալսարանի ուսանողուհու ծրագիրը Սյունիքում (տեսանյութ)
Նյու Յորքի համալսարանի ուսանողուհի Լիա Սուրենյանի նախաձեռնած եւ Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) աջակցությամբ իրականացված «Դեպի էկո համայնք» ծրագրի շրջանակներում, այս տարվա մայիս ամսին Սյունիքի մարզի Լիճք համայնքին տրամադրվեց թվով 42 մեղվաընտանիք:
7 ընտանիքներ ստացան 6-ական մեղվափեթակներ եւ մեղվապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պարագաներ: Այժմ գյուղացիներն արդեն ստացել են իրենց առաջին մեղրը, եւ կարող ենք ասել, որ մեր ծրագրի առաջին եւ կարեւորագույն փուլն ավարտված է:
Հմուտ մեղվապահի օգնությամբ եւ անմիջական վերահսկողությամբ, այդ ընտանիքների մի մասն առաջին անգամ սկսեց զբաղվել մեղվապահությամբ եւ ձեռք բերեց անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները: Համաձայն «Դեպի էկո համայնք» ծրագրի պայմանների՝ մեղրաքամից հետո յուրաքանչյուր գյուղացի իր ստացած մեղրի 10 տոկոսը նվիրաբերում է ստեղծված համայնքային ֆոնդին, որից հետո որոշվում է՝ ինչպես տնօրինել ստացված գումարը:
