Ո՞ւմ արտոնյալ զավակներն են ծառայում Պաշտպանության նախարարության շենքում
Nyut.am-ը գրում է.
ՀՀ Պաշտպանության նախարարության շենքում իրենց ժամկետային ծառայությունն են անցկացնում մոտ 110 զինվորներ: Նրանք առավոտյան ներկայանում են «աշխատանքի», իսկ ժամը 18:00-ից հետո վերադառնում են տուն: Այ քեզ ծառայություն:
Ի՞նչ եք կարծում, նրանց մեջ կարիքավոր ընտանիքների զավակներ կա՞ն: Թե նրանք Արցախի թեժ գծում են միայն: Ինչո՞վ են զբաղված 100 հոգին նախարարության շենքում: Մի քանի կապավորների մասով` հասկանալի է: Իսկ մնացա՞ծը: Այդքան զինվորը տասը-տասներկու պոստի անձնակազմ է: Նրանք անշուշտ գրանցված են քաղաքում գործող զորամասերում, սակայն մեր տվյալներով երեկոյան իրենց տուն են գնում:
Մեր աղբյուրի հավաստմամբ, այդ զինվորներից երկուսին ամեն առավոտյան նախարարություն են բերում ԱԺ պետհամարանիշով ավտոմեքենաներով: ԱԺ նույն պատգամավորների մեքենայով էլ երեկոյան ժամը 18:00-ին նրանց հետ են տանում: Ովքե՞ր են այդ զինվորները: Այդ հարյուրի մեջ 7-8 զինվորներ ծառայության են գալիս իրենց «ջիպերով»: Ավտոմեքենաները կանգնեցնում են մուտքից վերև` ավտոկայանատեղիում: Մի 10-15 հոգի էլ ծառայության են գալիս ու երեկոյան գնում տուն արտասահմանյան այլ մակնիշի ավտոմեքենաներով: Նրանք նույնպես ավտոմեքենաները թողնում են ավտոկայանատեղիում:
Մենք հետաքրքրվեցինք, թե ում երեխաներն են այդ արտոնյալները: Բացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների անուններից, մնացածի հայրերի անունները դեռ ճշտում ենք: Երբ ամբողջանա պատկերը` անունները կհրապարակենք:
Իսկ այժմ դիմում ենք Պաշտպանության նախարարությանը, գուցե նրանք հանրության տեղեկացնեն, թե ում երեխաներն են այդ զինվորները: Ինչո՞ւ է նրանց թիվն այդքան շատ նախարարությունում և ինչո՞վ են զբաղված: Գուցե իսկապես այդ զինվորների անհրաժեշտությունը կա, ու մենք անտեղյակ ենք…
Թե՞ այդ ամենը պետական գաղտնիք է:
